Մենք ռազմագերիների մասով իրականացվող գործառույթ կամ մանդատ չունենք. ԱՀԿ ներկայացուցիչ

Ֆլավիո Սալիո
ԱՀԿ–ն պատերազմական գործողությունների ընթացքում պետք է փաստաթղթավորի բուժաշխատողների թիրախավորման դեպքերը, հաշվի և համապատասխան օղակներին հաղորդի այդ մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ռազմագերիների մասով իրականացվող գործառույթ կամ մանդատ չունի: Այս մասին Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպման շրջանակում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ԱՀԿ արագ արձագանքման բժշկական թիմերի ցանցի ղեկավար Ֆլավիո Սալիոն:
«ԱՀԿ-ն չի ցանկանում որևէ անձի տեսնել վիրավոր կամ հիվանդ, բայց ԱՀԿ-ն երկրների հետ աշխատում է թե ՛ճգնաժամերի, թե՛ հակամարտությունների ընթացքում, նաև դրանցից առաջ փորձելով ապահովել տվյալ երկրի պատրաստվածության մակարդակը: Կարող եմ նշել, որ դա ավելի շատ ՄԱԿ-ի գործառույթն է»,- նշեց Սալիոն:
Առողջապահական արտակարգ իրավիճակների ծրագրի գործադիր տնօրեն Մայքլ Ռայանն էլ ընդգծեց, որ ԱՀԿ–ն պատերազմական գործողությունների ընթացքում պետք է փաստաթղթավորի բուժաշխատողների թիրախավորման դեպքերը, հաշվի և համապատասխան օղակներին հաղորդի այդ մասին:
Նրա խոսքով՝ նմանատիպ դեպքերը հետաքննելու, քրեական առումով դիտարկելու հնարավորություն ԱՀԿ–ն չունի, որովհետև նման գործառույթը ենթադրում է հրատապ բժշկական փորձաքննություն, բազմաթիվ տեղեկությունների հավաքում:
Հայաստանը և մի շարք երկրներ սկսել են բանակցել նոր համաձայնագրի շուրջ. ԱՀԿ ներկայացուցիչ
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին ՀՀ ՄԻՊ–ը հայտնել էր, որ հավաքագրում է սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի նկատմամբ սկսած ագրեսիայի ընթացքում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման ապացույցները։ Շտապօգնության տարբերանշանով ու համապատասխանորեն կահավորված տրանսպորտային միջոցների թիրախավորման փաստերը ևս ստացվում են։
Հոկտեմբերի 2-ին էլ ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տեսանյութ տարածվեց, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները գնդակահարում հայ գերիներին։