Ադրբեջանի հետ քննարկվում է միջազգային մոնիթորինգային մեխանիզմի տեղակայման տարբերակը

Հայկական ու ադրբեջանական դիրքեր Սյունիքում. Արխիվային լուսանկար
Միրզոյանը հայտարարեց, որ քննարկման առարկա է նաև Հայաստան–Ադրբեջան սահմանից ԶՈւ–երի հետքաշման տարբերակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. Հայաստան –Ադրբեջան սահմանին միջազգային մոնիթորինգային մեխանիզմի տեղակայման տարբերակը քննարկվում է բանակցությունների ընթացքում թե՛ միջազգային գործընկերների, թե՛ Ադրբեջանի հետ։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` պատասխանելով պատգամավորների հարցերին։
«Կա ընդհանուր ընկալում, այդ թվում` միջազգային դերակատարների շրջանում, որ միայն ագրեսիայի հետևանքների վերացումը, ադրբեջանական զորքերի դուրսբերումը ՀՀ ինքնիշխան տարածքից, խաղաղության պայմանագրի կնքումը դեռևս բավարար երաշխիքներ չեն ստեղծի, և հավելյալ երաշխքներ կպահանջվեն։ Օրինակ` Հայաստան–Ադրբեջան սահմանին որևէ միջազգային մոնիթորինգային, դիտորդական կամ այլ միջազգային մեխանիզմի առկայություն»,– ասաց նախարար Միրզոյանը։
Նրա խոսքով, քննարկվում է նաև Հայաստան–Ադրբեջան սահմանից ԶՈւ–երի հետքաշման տարբերակը։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։