ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Թուրքական անօդաչու սարքը հարվածել է Իրաքի հյուսիսում գտնվող Սուլեյմանիա նահանգին։ Տեղեկությունը հայտնում է SHAFAQ News-ը` հղում անելով տեղական վարչակազմի աղբյուրին։
Նշվում է, որ հարվածի թիրախը Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) կողմնակիցներին պատկանող ավտոմեքենան է եղել։
Միջադեպի հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս մի քանիսը վիրավորվել են. տուժածների ճշգրիտ թիվը ճշտվում է։
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ երկրի զինված ուժերը սեպտեմբերի 29-ին հաջող օդային գործողություն են իրականացրել Իրաքի հյուսիսում` հարվածներ հասցնելով ՔԱԿ մարտիկների թաքստոցներին:
Հիշեցնենք, որ Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ զինված հակամարտությունը Թուրքիայում սկսվել է 1984 թվականին, շարունակվել 2015-ին։ Իրաքի հյուսիսում են գտնվում ՔԱԿ–ի ռազմաբազաները, որոնց դեմ Թուրքիայի ԶՈւ–ն օդային և ցամաքային գործողություններ է իրականացնում։
Մոսուլից հյուսիս–արևելք գտնվող «Զլիկան» ճամբարում թուրք զինվորականների ներկայությունը վեճեր է ծնում Բաղդադի և Անկարայի միջև։ Թուրքիան այդ ներկայությունն արդարացնում է Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ պայքարի անհրաժեշտությամբ։