Սիմոնյանը վստահ է` խաղաղության պայմանագրից հետո հայ գերիների սպանության տեսանյութ չի լինի

Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահի խոսքով` ժամանակակից աշխարհում Հայաստանը չի կարող զբաղվել հարևանների նկատմամբ ռազմատենչ հայտարարություններով և տարածքային պահանջներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Հայ գերիների սպանության տեսանյութից հետո էլ Հայաստանի համար շարունակում է ակտուալ մնալ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հարցը։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Այո, ակտուալ է, որպեսզի նման տեսանյութեր այլևս չլինեն։ Պետք է խաղաղություն լինի։ Այն մարդիկ, որոնք խաղաղության օրակարգի նկատմամբ բացասական են արտահայտվում, ի՞նչ են առաջարկում` հավերժ պատերա՞զմ, մտնենք Սասուն, դուրս գանք Մո՞ւշ, ծովից–ծով Հայաստա՞ն։ Ինչո՞ւ չի նշվում, որ մեր պաշտպանական բյուջեն աննախադեպ աճ ունի, և մենք շարունակում ենք զինել բանակը։ Խաղաղության օրակարգը չի նշանակում, որ բանակ պետք է չլինի»,– նշեց Սիմոնյանը։
Նրա խոսքով` ժամանակակից աշխարհում Հայաստանը չի կարող զբաղվել հարևանների նկատմամբ ռազմատենչ հայտարարություններով և տարածքային պահանջներով։ ԱԺ խոսնակը վստահեցրեց` Հայաստանի ինքնիշխանությունը, սուվերեն տարածքը քննարկման ենթակա չէ։
«Մենք պատերազմ չենք անելու, մենք պատրաստվելու ենք Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելուն։ Մենք հիմա զբաղվում ենք նաև Ջերմուկի շուրջ ստեղծված իրավիճակով։ Այդ հարցի լուծումը չի կարող լինել Թուրքիայի, Ադրբեջանի կամ որևէ այլ երկրի վրա հարձակվելը»,– ասաց Սիմոնյանը։
Պետք է պատասխանատվության ենթարկվեն. Կանադայի ԱԳ նախարարը` հայ գերիներին սպանելու մասին
Հիշեցնենք` հոկտեմբերի 2-ի առավոտյան ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տեսանյութ տարածվեց, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները գնդակահարում հայ գերիներին։
Ագրեսորը պետք է պատասխան տա. Փաշինյանը՝ հայ գերիների գնդակահարության տեսանյութի մասին
Ըստ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանի` հստակ ապացույցներ կան, որ հայ գերիների գնդակահարությանը ներգրավված է եղել «Կոմանդո» ստորաբաժանումը, որը վերապատրաստվում է թուրք հրամանատարների կողմից: Գնդակահարությունը տեղի է ունեցել Իշխանասարում։ Արդեն նույնականացրել են գնդակահարված երկու զինծառայողի։ Տեսանյութում երևում է, որ դիրքում գտնվել է 9 զինծառայող, որոնցից 4-ին գնդակահարում են: Սակայն տարածված տեսանյութում այլ հայ գերիներ ևս կան:
Ֆրանսիայի ԱԳՆ–ն հայտնի տեսանյութից հետո Ադրբեջանին կոչ է արել ազատել բոլոր գերիներին