ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը պատշաճ արձագանք չի տալիս Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով Հայաստանի` ՀԱՊԿ–ից դուրս գալու հնարավորության մասին։
Նա շեշտեց, որ ՀԱՊԿ–ից դուրս գալու մասին հարցին չի ցանկանում պատասխանել, որովհետև հնարավոր է` ՀԱՊԿ–ը որոշում կայացնի դուրս գալ Հայաստանից։
«Այդ կառույցը պատշաճ արձագանք չի տալիս, մնում եմ իմ կարծիքին, որ մենք պետք է երկար մտածենք ու հասկանանք։ Սա խաղուպար չէ, որ արագ ու կտրուկ շարժումներ անենք, այլ պետք է հասկանանք, թե ինչ են անելու, բայց որ խնդիր կա, միանշանակ է»,– ասաց Սիմոնյանը։
ԱԺ նախագահը նշեց, որ հոկտեմբերի 9-ին պաշտոնական այցով Մոսկվայում գտնվելու ժամանակ պատրաստվում է խոսել ՀԱՊԿ–ի, Հայաստան–Ռուսաստան փոխօգնության մասին պայմանագրի հետ կապված հարցերի շուրջ։ Նրա խոսքով` այդ փոխօգնության համար Հայաստանը դիմել է, սակայն մինչ օրս պատասխան չկա։
Հարցին, թե ինչ առաջարկ ունի Հայաստանը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների առումով, ԱԺ խոսնակն ընդգծեց, որ այդ առաջարկները դեռ չեն քննարկվել, չեն որոշվել և բացահայտման ենթակա չեն։
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ պետությունը հարյուրմիլիոնավոր դոլարներ է վճարել, սակայն Հայաստանին զենք չեն վաճառել, Սիմոնյանն ընդգծեց` խոսքը Ռուսաստանին չի վերաբերում, անձամբ ինքը նման ինֆորմացիայի չի տիրապետում։