ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Բռնության հեղինակները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Թվիթերյան իր էջում նման գրառում է արել Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին` անդրադառնալով հայ անզեն գերիներին ադրբեջանցի զինծառայողների կողմից գնդակահարելու դեպքին։
«Հաղորդագրություններն այն մասին, թե ադրբեջանցի զինվորները մահապատժի են ենթարկում հայ ռազմագերիներին, մեծապես անհանգստություն են պատճառում։ Նման բռնության մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն, և տարածաշրջանում պետք է վերականգնվի կայունությունը»,–գրել է Ժոլին։
Հիշեցնենք` հոկտեմբերի 2-ի առավոտյան ադրբեջանական Telegram ալիքներում տեսանյութ էր տարածվել, որտեղ ցուցադրվում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները գնդակահարում հայ գերիներին։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պահանջել էր հստակ գնահատական տալ ադրբեջանական ԶՈւ–ի այս և նախորդող ժամանակահատվածներում իրականացված աղաղակող պատերազմական հանցագործություններին։
Ըստ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանի` հստակ ապացույցներ կան, որ հայ գերիների գնդակահարությանը ներգրավված է եղել «Կոմանդո» ստորաբաժանումը, որը վերապատրաստվում է թուրք հրամանատարների կողմից: Գնդակահարությունը տեղի է ունեցել Իշխանասարում։ Արդեն նույնականացրել են գնդակահարված երկու զինծառայողի։ Տեսանյութում երևում է, որ դիրքում գտնվել են 9 զինծառայողներ, որոնցից 4-ին գնդակահարում են: Սակայն տարածված տեսանյութում այլ հայ գերիներ ևս կան: