ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik․ 2017-2022թթ․ հոկտեմբերի սկզբի դրությամբ մոտ 65 միլիարդ ՀՀ դրամի հատուցում է կատարվել 4,855 զինծառայողների դեպքերով, նրանցից 4,438-ը՝ 44-օրյա պատերազմի մասնակիցներ են։ Տեղեկությունը հրապարակված է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի պաշտոնական կայքում։
Նշվում է, որ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակումից հետո հիմնադրամը ՀՀ պաշտպանության նախարարությունից հատուցման դիմումներ դեռևս չի ստացել։
«ԶԱՀ գործունեությունը կարգավորող օրենքի համաձայն՝ հատուցում ստանալու համար հաշմանդամություն ունեցող զինծառայողը կամ զոհված/անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի ընտանիքի անդամը պետք է դիմում և փաստաթղթերի փաթեթ ներկայացնի պաշտպանության նախարարություն՝ տեղական ինքնակառավարման մարմնի իրավաբանական վարչության միջոցով, որից հետո դիմումի փաթեթը փոխանցվում է ԶԱՀ-ին՝ հատուցումներ տրամադրելու նպատակով»,- փոխհատուցման ստացման կարգը հիշեցնում են հիմնադրամից։
Հիշեցնենք՝ հիմնադրամը հատուցումներ է տրամադրում հայրենիքը և նրա սահմանները պաշտպանելիս զոհված, անհայտ բացակայող ճանաչված, 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին և նրանց ընտանիքներին։
Զոհվածների ընտանիքներին միանվագ տրվում է 10 մլն դրամ գումար և ամսական 200 000-300 000 դրամ (պայմանավորված զոհված զինծառայողի կոչումով)։
Անհետ կորածների ընտանիքներին ևս միանվագ տրվում է 10 մլն դրամ և ամենամսյա հատուցումներ՝ հիմնականում 200 000-250 000 դրամ, իսկ անհետ կորած պայմանագրային զինծառայող սպաների ընտանիքներին` 300 000 դրամ։
1-ին կամ 2-րդ խմբի զինհաշմանդամություն ունեցողներին միանվագ տրամադրվում է 5 մլն դրամ և համապատասխանաբար՝ 250 000-300 000 և 100 000-200 000 դրամ։