ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ դատական արտագնա նիստը չի կայացել նրա առողջական վիճակի կտրուկ վատացման պատճառով։ Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», այս մասին լրագրողներին հայտնել է նրա փաստաբան Շոթա Տուտբերիձեն։
Նիստը պետք է տեղի ունենար Թբիլիսիի «Վիվամեդ» կլինիկայում, որտեղ բուժում է ստանում Սաակաշվիլին։
«Այսօր դատարանի և դատախազության ներկայացուցիչներն առանց որևէ նախնական զգուշացման ներխուժել են հիվանդանոց` Միխեիլ Սաակաշվիլիի մոտ, փորձել են նրանից ցուցմունք վերցնել։ Այդ ապօրինի գործողությունների պատճառով անկողնային ռեժիմում գտնվող Սաակաշվիլիի առողջական վիճակը վատացել է։ Բժիշկները ստիպված են եղել արագ օգնություն տրամադրել»,– ասել է փաստաբանը։
Գործով դատախազ Լևան Վեպխվաձեն հայտարարել է, որ Սաակաշվիլին հրաժարվել է դատարանին ցուցմունք տալ, սակայն գործընթացը կշարունակվի հոկտեմբերի 19-ին։
Հիշեցնենք` Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը նախկինում Ուկրաինայում մի շարք առանցքային պաշտոններ է զբաղեցրել, այժմ կալանքի տակ է գտնվում հայրենիքում: Նա Վրաստան էր վերադարձել 2021 թվականի սեպտեմբերին և անմիջապես ձերբակալվել։
Նրան 6 տարվա ազատազրկման են դատապարտել բանկիրի սպանության և պատգամավորին ծեծի ենթարկելու գործով։ Քաղաքական գործչին մեղադրում են նաև սահմանն ապօրինի հատելու, պետական միջոցները մսխելու և 2007 թվականին ընդդիմության ցույցը ցրելու մեջ։