Կիպրոսի ԱԳՆ–ն հայտնի տեսանյութից հետո Ադրբեջանին կոչ է արել պատժել մեղավորներին

Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիան. Արխիվային լուսանկար
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը տեսանյութի շուրջ բարձրացած միջազգային աղմուկից հետո հայտարարել էր տեսանյութի վերաբերյալ հետաքննություն սկսելու մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik․ Կիպրոսի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել, որում խստորեն դատապարտում է ադրբեջանական ուժերի կողմից անզեն հայ գերիների գնդակահարությունը։
«Կրկին կոչ ենք անում ազատ արձակել բոլոր հայ գերիներին, ինչպես նաև մանրակրկիտ հետաքննության ենթարկել մահապատիժները երաշխավորելով, որ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն»,– ասված է հայտարարության մեջ։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը տեսանյութի շուրջ բարձրացած միջազգային աղմուկից հետո հայտարարել էր տեսանյութի վերաբերյալ հետաքննություն սկսելու մասին։
Հիշեցնենք` հոկտեմբերի 2-ի առավոտյան ադրբեջանական Telegram ալիքներում տեսանյութ էր տարածվել, որտեղ ցուցադրվում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները գնդակահարում հայ գերիներին։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պահանջել էր հստակ գնահատական տալ ադրբեջանական ԶՈւ–ի այս և նախորդող ժամանակահատվածներում իրականացված աղաղակող պատերազմական հանցագործություններին։
Ըստ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանի` հստակ ապացույցներ կան, որ հայ գերիների գնդակահարությանը ներգրավված է եղել «Կոմանդո» ստորաբաժանումը, որը վերապատրաստվում է թուրք հրամանատարների կողմից: Գնդակահարությունը տեղի է ունեցել Իշխանասարում։ Արդեն նույնականացրել են գնդակահարված երկու զինծառայողի։ Տեսանյութում երևում է, որ դիրքում գտնվել են 9 զինծառայողներ, որոնցից 4-ին գնդակահարում են: Սակայն տարածված տեսանյութում այլ հայ գերիներ ևս կան: