Կաթողիկոսն առանձին քննարկումներ կունենա Հայաստանի և Արցախի նախկին նախագահների հետ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը պարզաբանել է Վեհափառի, ՀՀ և ԼՂՀ նախագահների հետ հայտնի հանդիպման ձևաչափով քննարկումները շարունակելու հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Վեհափառ Հայրապետը առանձին քննարկումներ կունենա Հայաստանի և Արցախի նախկին նախագահների հետ, որոնց արդյունքում կհստակեցվի նույն ձևաչափով հանդիպումների շարունակությունը։ Տեղեկությունը հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Նշվում է, որ կաթողիկոսը գնահատում է ՀՀ և ԼՂՀ նախագահների պատրաստակամությունը՝ հայտնի հանդիպման ձևաչափով արծարծելու երկրի առջև ծառացած մարտահրավերները և դրանց հաղթահարման հնարավոր ուղիները։
Հայտնել ենք, որ Տեր–Պետրոսյանը, անդրադառնալով Ամենայն հայոց կաթողիկոսի նախաձեռնած հարթակին (վեհափառի հանդիպումները Հայաստանի և Արցախի նախագահների հետ), նշել էր, որ ՀԺ–ի հրապարակումից հետո դրա անհրաժեշտությունը կարելի է սպառված համարել։
Հիշեցնենք` սեպտեմբերի 22-ին Մայր աթոռում տեղի էր ունեցել Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի և Հայաստանի նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ինչպես նաև ԼՂՀ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հանդիպումը`կաթողիկոսի հրավերով։
Հանդիպման ավարտին Մայր աթոռը տարածել էր հաղորդագրություն, որտեղ ասված էր. «Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում։ Որոշում է կայացվել շարունակել հանդիպումները»։
Սեպտեմբերի 30–ին հայտնի դարձավ, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին հանդիպել են։