ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. Մեկ տարվա ընթացքում բոլոր տեսակի հայկական անձնագրեր ստանալ ցանկացողների թիվն ավելացել է 157 269-ով։ Տեղեկությունը հայտնել են ոստիկանության մամուլի ծառայությունից` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Գերատեսչությունից նշել են, որ 2022 թվականին անձնագրային ծառայություններ դիմող քաղաքացիների թիվը կրկնակի աճել է, թեև անձնագրային և վիզաների վարչության ռեսուրսները չեն փոխվել:
Ոստիկանության տվյալով՝ 2021 թվականի հունվար-սեպտեմբերին հին նմուշի անձնագրերի ընդհանուր թիվը կազմել է 297 975, նույնականացման քարտերի թիվը՝ 71 104, կենսաչափական անձնագրերի թիվը՝ 10 382:
«2022 թվականին այդ թիվը կազմել է համապատասխանաբար 376 394, 145 099, 15 237», – նշված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Հայաստանի ոստիկանությունը հայտնել էր, որ ամռան սկզբից անձնագրային և վիզաների վարչության ծանրաբեռնվածությունն աճել է 60 տոկոսով, ինչով էլ բացատրվում էին անձնագրային բաժիններում աննախադեպ հերթերը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ընթացիկ տարում Ռուսաստանի ավելի քան 2000 քաղաքացիներ կացության կարգավիճակ են ստացել Հայաստանում:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2022 թվականի առաջին կիսամյակում Հայաստան է մուտք գործել Ռուսաստանի 372 086 քաղաքացի, որոնցից 331 306 -ը լքել են երկրի տարածքը, իսկ 40 780-ը մնացել են Հայաստանում ավելի երկար ժամկետով: