Հայաստանը Ժնևում հանդես է եկել ատելության խոսքի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ

Համահեղինակները խորը մտահոգություն են հայտնել վերջին տարիներին առցանց ատելության խոսքի և հետապնդումների աճի կապակցությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանը Ժնևում Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) 51-րդ նստաշրջանի շրջանակներում հանդես է եկել թվային տեխնոլոգիաների և ատելության խոսքի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Հայաստանի այս նախաձեռնությունը համահեղինակել են 38 պետություններ ՄԱԿ բոլոր տարածաշրջանային խմբերից։
«Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է, որ թեև թվային տեխնոլոգիաները, ներառյալ`արհեստական բանականությունը, հնարավորություններ և առավելություններ են ընձեռում, դրանց նախագծումը, զարգացումը, տեղակայումը և չարաշահումը կարող են նաև ռիսկեր պարունակել հիմնարար իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության տեսանկյունից: Միաժամանակ խորը մտահոգություն է հայտնվում վերջին տարիներին առցանց ատելության խոսքի և հետապնդումների աճի կապակցությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Շեշտվում է թվային դարաշրջանում կարծիքի և խոսքի ազատության իրավունքը հիմնավորապես պահպանելու, պաշտպանելու և խթանելու անհրաժեշտությունը։ Համահեղինակները նաև ընդգծել է, որ սոցիալական հարթակները ձգտում են պայքարել ատելության խոսք և հանցագործություններ հրահրող պետական և ոչ պետական դերակատարների չարաշահումների դեմ:
Շատ վտանգավոր ֆենոմեն է. Քրիստինե Գրիգորյանը կոչ է անում բացառել ատելության խոսքը
Նշենք, որ հայտարարությունն ընդունվել է «Ռասիզմը, ռասայական խտրականությունը, այլատյացությունը և անհանդուրժողականության այլ հարակից ձևերը. Դուրբանի հռչակագրի և գործողությունների ծրագրի իրականացումը և դրան հաջորդող միջոցառումները» ընդհանուր քննարկման ժամանակ։