ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում 3-րդ և 4-րդ աստիճանի վթարային շենքերի քանակը գերազանցում է 600–ը կամ ՀՀ բազմաբնակարան բոլոր շենքերի 3.2 տոկոսը։
Այս մասին այսօր ՀՀ ԱԺ նիստում հայտարարեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը` ներկայացնելով «Քաղաքաշինության մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունների նախագիծը։
«ՀՀ բնակավայրերում առկա են նաև քանդման ենթակա վթարային 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող ավելի քան 1200 անհատական բնակելի տներ, որոնցից 1000-ը` բնական աղետների հետևանքով»,– ասաց Ղուլարյանը։
Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը նաև հայտնեց, որ նախագծի ընդունմամբ կառավարությունը կստանա վթարային շենքերի քանդման հետ կապված բոլոր կանոնակարգերի սահմանման լիազորություն։
Ղուլարյանի խոսքով, միայն այդ լիազորությունների իրականացման արդյունքում կատարված տեխնիկական վիճակի գնահատականից հետո կմշակվեն կոնկրետ միջոցառումներ` շենքերի ուժեղացման, վերակառուցման հետ կապված։
Հիշյալ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման համար նախատեսվել է վերջնաժամկետ` մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը: