Գերիների վերադարձը Սալիվանի նախաձեռնությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունք է. ԱԽՔ

ՀՀ ԱԽ քարտուղարը նշել է, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Վաշինգտոնում ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik․ 17 հայ ռազմագերիների վերադարձը Հայաստան սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպման պայմանավորվածության արդյունք է։ Իր ֆեյսբուքյան էջում այս մասին գրել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Հայտնել ենք, որ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 25-ին մեկնել է Վաշինգտոն։ Այցի շրջանակներում նա մի շարք հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ խորհրդակցություններ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ Վերջինիս միջնորդությամբ Վաշինգտոնում կայացել է հանդիպում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։
«Հույս ունեմ, որ եռակողմ աշխատանքը կշարունակի դրական արդյունքներ գրանցել հումանիտար հարցերի լուծման, տարածաշրջանային կայունության ու խաղաղության հաստատման համար, և բոլոր պայմանավորվածությունները կկատարվեն»,–գրել է Գրիգորյանը:
Նա նշել է, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Վաշինգտոնում ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններին:
Հիշեցնենք` ադրբեջանական կողմն այսօր հայկական կողմին վերադարձրեց 17 հայ ռազմագերիների: ՀՀ ՊՆ հրապարակել էր նրանց անուններն ու նշել, որ Ադրբեջանը գերիներին վերադարձրել է ԱՄՆ–ի միջնորդությամբ։
Նշենք, որ Ադրբեջանն այս տարի 4–րդ անգամ է հայ գերիների փոխանցում հայկական կողմին։
Փետրվարի սկզբին Բաքուն վերադարձրեց 8 զինվորականի, մայիսի վերջին արտահանձնեց ժամկետային զինծառայող Էդուարդ Մարտիրոսովին, որը մեկ ամիս առաջ էր հայտնվել ադրբեջանական տարածքում: Սեպտեմբերի 8-ին ադրբեջանական գերությունից Հայաստան վերադարձան 5 ռազմագերիներ։
ՄԻԵԴ–ում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը սեպտեմբերի 27-ին հայտնել էր, որ Ադրբեջանում պահվում է շուրջ 8 տասնյակ հայ գերի, որոնց Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես չեն ընդունում։