ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում պաշտոնապես դատապարտել է հայ ռազմագերիների գնդակահարման փաստը։
«Ադրբեջանական բանակի կողմից հայ գերիների մահապատիժների տեսանյութերը խորապես ցնցող են։ Ֆրանսիան ի գիտություն է ընդունում այս արարքների հետաքննության մասին Ադրբեջանի հայտարարությունը և կոչ է անում պատասխանատվության ենթարկել դրանց մեղավորներին»,– ասված է հայտարարության մեջ։
Ֆրանսիայի ԱԳՆ–ն նաև Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել դեռևս անազատության մեջ պահվող բոլոր հայ գերիներին։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը տեսանյութի շուրջ բարձրացած միջազգային աղմուկից հետո հայտարարել էր տեսանյութի վերաբերյալ հետաքննություն սկսելու մասին։
Հիշեցնենք` հոկտեմբերի 2-ի առավոտյան ադրբեջանական Telegram ալիքներում տեսանյութ էր տարածվել, որտեղ ցուցադրվում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները գնդակահարում հայ գերիներին։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պահանջել էր հստակ գնահատական տալ ադրբեջանական ԶՈւ–ի այս և նախորդող ժամանակահատվածներում իրականացված աղաղակող պատերազմական հանցագործություններին։
Ըստ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանի` հստակ ապացույցներ կան, որ հայ գերիների գնդակահարությանը ներգրավված է եղել «Կոմանդո» ստորաբաժանումը, որը վերապատրաստվում է թուրք հրամանատարների կողմից: Գնդակահարությունը տեղի է ունեցել Իշխանասարում։ Արդեն նույնականացրել են գնդակահարված երկու զինծառայողի։
Տեսանյութում երևում է, որ դիրքում գտնվել են 9 զինծառայողներ, որոնցից 4-ին գնդակահարում են: Սակայն տարածված տեսանյութում այլ հայ գերիներ ևս կան: