Եթե Տեր–Պետրոսյանը տեղյակ է, թող ասի. Սիմոնյանը` «կապիտուլյացիոն պայմանագրի» մասին

Լևոն Տեր–Պետրոսյան. Արխիվային լուսանկար
Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ առաջին նախագահն ասել էր, որ ստորագրվելիք փաստաթուղթը լինելու է կապիտուլյացիայի պայմանագիր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը տեղյակ չէ, թե ինչ կապիտուլյացիոն պայմանագրի մասին է ասել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը։
Նշենք, որ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ առաջին նախագահն ասել էր, որ ստորագրվելիք փաստաթուղթը լինելու է կապիտուլյացիայի պայմանագիր, և այն իրավիճակում, որ այժմ Հայաստանն է, պետք է բոլոր վատ լուծումներից գտնել պակաս ցավալին։
«Ես չեմ հասկանում՝ ի՞նչ կապիտուլյացիայի մասին է խոսքը, և թե ինչու է պարոն Տեր–Պետրոսյանն այդ բառը դնում շրջանառության մեջ։ Թող ասի` ինչո՞ւ 90-ականների սկզբին, երբ ինքը հաղթանակած նախագահ էր, չստորագրեց այդ կապիտուլյացիան և չբերեց անկախություն Արցախին ու չճանաչեց այն։ Ի՞նչ կապիտուլյացիայի մասին է խոսքը, մենք օֆիցիալ պատերազմի մե՞ջ ենք Ադրբեջանի հետ։ Մենք խոսում ենք խաղաղության պայմանագրի մասին»,– լրագրողների հետ զրույցում նշեց Սիմոնյանը։
ՀՀ–ն կապիտուլյացիոն վիճակում է 2020 թ–ից. Օհանյանը` Տեր–Պետրոսյանի հայտարարության մասին
Նա հավելեց, որ այս պահին որևէ հստակ փաստաթուղթ չկա, դրանք ենթադրություններ են, և եթե Տեր–Պետրոսյանն ինչ–որ փաստաթղթի մասին գիտի, թող ասի՝ իրենք էլ իմանան։
Հիշեցնենք, որ Փաշինյանն էլ անդրադառնալով առաջին նախագահի հայտարարությանը` հայտարարել էր, որ իր սեղանին խաղաղության պայմանագրի մասով այս պահին որևէ տեքստ չկա և, եթե լիներ, շատ լավ կլիներ, քանի որ դա կնշանակեր, որ աշխատանքի արդյունքում իրենք կարողացել են հասնել մի տեքստի, որի շուրջ մտածելու բան կա։