ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik․ Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը: Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Կողմերը կարծիքներ են ներկայացրել հոկտեմբերի 2-ին Ժնևում կայացած հանդիպման վերաբերյալ:
«Արարատ Միրզոյանը վերահաստատել է ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական ԶՈւ–ի դուրսբերման, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների շուտափույթ հայրենադարձման ու հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը: Շեշտվել է ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի միջոցով խնդիրների կարգավորման անընդունելիությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Խոսվել է նաև սահմանային իրավիճակի մշտադիտարկման և վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրման կարևորության մասին՝ նոր ագրեսիաների կանխարգելման համատեքստում։
Նշվում է, որ մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման ու Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման վերաբերյալ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու Հարավային Կովկասում կայունության և անվտանգության հաստատմանն ուղղված քննարկումները։
Իսկ սեպտեմբերի 19–ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ Նյու Յորքում տեղի ունեցավ Միրզոյան-Բլինկեն-Բայրամով եռակողմ հանդիպումը։
Հուլիսի 16-ին Թբիլիսիում կայացել էր Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների առաջին հանդիպումը: Այն տեղի էր ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հյուրընկալությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները մայիսին էլ եռակողմ հանդիպում էին ունեցել Դուշանբեում` Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ։