17 գերիներին վերադարձնելու համար Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին

Վարչապետը հույս ունի միջազգային գործընկերների հետ համատեղ ջանքերով հասնել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամերիկայի Միացյալ Նահանգներին՝ 17 ռազմագերիներին վերադարձնելու հարցում օգնելու համար։ Այս մասին նա գրառում է արել Twitter-ի իր միկրոբլոգում։
«Հուսով եմ, որ մեր միջազգային գործընկերների հետ համատեղ ջանքերով մենք կհասնենք հետագա առաջընթացի ինչպես հումանիտար հարցերի լուծման, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում»,- գրել է ՀՀ կառավարության ղեկավարը։
Հիշեցնենք` ադրբեջանական կողմն այսօր հայկական կողմին վերադարձրեց 17 հայ ռազմագերիների: ՀՀ ՊՆ հրապարակել էր նրանց անուններն ու նշել, որ Ադրբեջանը գերիներին վերադարձրել է ԱՄՆ–ի միջնորդությամբ։
Նշենք, որ Ադրբեջանն այս տարի 4–րդ անգամ է հայ գերիների փոխանցում հայկական կողմին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ թվիթերյան էջում գրել էր, որ արդեն 2-րդ անգամ Ադրբեջանը հրաժարվում է կատարել հայ գերիներին ազատ արձակելու իր խոստումը։ Նրա խոսքով` առաջին դեպքը մայիսին էր, երբ Ադրբեջանը Բրյուսելում էր նման խոստում տվել։
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ հայտնել է, որ 17 հայ ռազմագերիներին ազատ արձակելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ տանը տեղի ունեցած` ՀՀ–ի և Ադրբեջանի ԱԽ նախագահների հանդիպման ժամանակ։
Փետրվարի սկզբին Բաքուն վերադարձրեց 8 զինվորականի, մայիսի վերջին արտահանձնեց ժամկետային զինծառայող Էդուարդ Մարտիրոսովին, որը մեկ ամիս առաջ էր հայտնվել ադրբեջանական տարածքում: Սեպտեմբերի 8-ին ադրբեջանական գերությունից Հայաստան վերադարձան 5 ռազմագերիներ։
ՄԻԵԴ–ում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը սեպտեմբերի 27-ին հայտնել էր, որ Ադրբեջանում պահվում է շուրջ 8 տասնյակ հայ գերի, որոնց Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես չեն ընդունում։