ԶԼՄ-ները հայտնել են ռուսական «Պոսեյդոն» համակարգերի հնարավոր փորձարկումների մասին

«Բելգորոդ» ատոմային սուզանավը ջուրն են իջեցնում
Իտալական պարբերականը նշում է, որ ռուսական բազմանպատակային «Բելգորոդ» սուզանավը դուրս է եկել մարտական հերթապահության, որի ընթացքում հնարավոր է հիպերձայնային ստորջրյա համակարգերի փորձարկումներ անցկացվեն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Ռուսաստանը կարող է փորձարկել «Պոսեյդոն» հիպերձայնային ստորջրյա սարքը, ինչի մասին ՆԱՏՕ-ի հետախուզությունը տեղեկացրել է դաշինքի հրամանատարությանը: Տեղեկությունըհայտնում է իտալական Repubblica թերթը։
Հրատարակության տվյալներով՝ ՆԱՏՕ-ի հատուկ ծառայությունների հաշվետվության մեջ նշվում է «Բելգորոդ» բազմաթիրախային ատոմային սուզանավի մարտական հերթապահության մասին Կարայի ծովում, որտեղ, իբր, կարող են միջուկային անօդաչուի արձակումներ տեղի ունենալ:
««Պոսեյդոնը» կարող է առաջացնել ռադիոակտիվ ցունամի, որը կարող է երկրի երեսից ջնջել այնպիսի մեգապոլիսներ, ինչպիսիք են Նյու Յորքը կամ Լոս Անջելեսը»,-նշված է հրապարակման մեջ:
Թերթը նշել է, որ ԱՄՆ-ի տրամադրության տակ եղած ինֆրակարմիր ընդունիչներով արբանյակները չեն տեսնում՝ ինչ է տեղի ունենում ծովի խորքերում. «Պոսեյդոնը» նախագծվել է այնպես, որ քիչ ջերմություն ճառագայթի ու անաղմուկ շարժվի 100 կմ/ժ-ից ավելի արագությամբ:
«Նույնիսկ փորձարկումների մասին պարզ հայտարարությունը թույլ կտար Կրեմլին ցուցադրել Արևմուտքի հետ մրցելու եզակի ունակությունը. զենք, որի դեմ պաշտպանություն չկա», — գրում Է Repubblica-ն:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ հայտարարել է «Պոսեյդոնի» մշակման մասին 2018-ին Դաշնային ժողովին ուղղված ուղերձում: Նրա խոսքով՝ նման անօդաչու սարքերը կարող են զինել ինչպես սովորական, այնպես էլ միջուկային զինամթերքով, ինչը թույլ կտա նրանց խոցել ամենատարբեր թիրախները, այդ թվում՝ ավիակիր խմբավորումներ, առափնյա ամրություններ ու ենթակառուցվածքներ: