Վրեժ Մարկոսյանի դեմ մեղադրական դատավճիռ է կայացվել, բայց նա պատժից ազատվել է

ՀՀ գլխավոր դատախազության շենքը
Նկատի ունենալով, որ Վրեժ Մարկոսյանը 72 տարեկան է, նրա նկատմամբ համաներում է կիրառվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին հանցակցելու դրվագով Վրեժ Մարկոսյանի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ, սակայն դատարանը համաներում է կիրառել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազությունը։
Նշենք, որ այս գործով Մարկոսյանին մեղադրանք էր առաջադրվել, քանի որ նա Հովսեփյանի դրդմամբ, 2017 թվականի ապրիլի 10-ին վատնել էր Վարշամ Ղարիբյանի կողմից իրեն վստահված Աջափնյակ համայնքի Գ1 թաղամասի թիվ 29/11 հասցեում գտնվող 3,0078 հեկտար մակերեսով առանձնապես խոշոր չափերով՝ 672.400.000 ՀՀ դրամ արժողությամբ հողամասը՝ նվիրաբերել էր Հովսեփյանի որդուն՝ Արմեն Հովսեփյանին և սեփականության իրավունքն այդ հողամասի նկատմամբ գրանցել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում։
2022 թվականի սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ, ամբաստանյալ Մարկոսյանը հայտարարել է, որ առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչում և միջնորդել է կիրառել համաձայնեցման վարույթ: Դատարանն ամբաստանյալի այդ միջնորդությունը բավարարել է:
Մարկոսյանի նկատմամբ որպես պատիժ նշանակվել է ազատազրկում՝ 5 տարի 4 ամիս ժամկետով։
«Նկատի ունենալով, որ Մարկոսյանը 72 տարեկան է, կիրառվել է 01.11.2018թ. ընդունված «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը, և Մարկոսյանը պատժից ազատվել է»,– նշված էհաղորդագրության մեջ։
Նշենք նաև, որ համաձայնեցման վարույթի շրջանակում, տուժողը Մարկոսյանի նկատմամբ պահանջ չի ներկայացրել: