ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիան Ռուսաստանին խնդրել է բնական գազի դիմաց Անկարայի վճարումների մի մասը հետաձգել մինչև 2024 թվականը՝ փորձելով մեղմել էներգակիրների բարձր գների հետևանքով առաջացած տնտեսական վնասը, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին:
«էներգակիրների թուրքական պետական ներկրողը` Boru Hatlari ile Petrol Tasima AS–ը կամ Botas–ը ձգտում է հետաձգել վճարումների մի մասը մինչև 2024 թվականը»,–գրում է գործակալությունը:
Գործակալության աղբյուրները նշում են, որ դեռ պարզ չէ, թե արդյոք բանակցությունները կհանգեցնեն ինչ-որ համաձայնության։
Գործակալությունը գրում է, որ թուրքական լիրան տարեսկզբից դոլարի նկատմամբ արժեզրկվել է ավելի քան 28 տոկոսով, ինչը զարգացող շուկաներում ամենամեծ ցուցանիշն է արգենտինական պեսոյից հետո: Գործակալությունը նշում է նաև, որ Թուրքիայի առևտրային հաշվեկշռի դեֆիցիտն օգոստոսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է ավելի քան երկու անգամ և կազմել 11,2 մլրդ դոլար։
Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունգարական MGM էներգետիկ ընկերությունը «Գազպրոմի» հետ գազի վճարումը հետաձգելու մասին համաձայնագիր է կնքել՝ կապված գների կտրուկ տատանումների հետ:
Բացի այդ, Bloomberg գործակալությունն ավելի վաղ գրել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 25 տոկոս զեղչի կհասնի ռուսական «երկնագույն վառելիքի» համար: Ավելի ուշ Ռուսաստանի և Թուրքիայի միջև համաձայնագիր է կնքվել այն մասին, որ Անկարան Թուրքիային մատակարարվող ռուսական գազի 25 տոկոսի դիմաց կվճարի ռուբլով: