Թույլ չենք տա հավասարության նշան դնել. Մարուքյանն արձագանքել է Կլաարի գրառմանը

Էդմոն Մարուքյան
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանը համոզված է, որ հայկական ուժերը երբեք պատերազմական հանցագործություններ չեն կատարել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբեր – Sputnik. Հայաստանը թույլ չի տա հավասարության նշան դնել պատերազմական հանցագործության զոհի և հանցագործի միջև. ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն արձագանքել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գրառմանը։
Եվրոպացի պաշտոնյան թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ մի քանի տեսանյութ է ստացել Ադրբեջանի դեմ իրականացված պատերազմական հանցագործությունների մասին: Նա ընդգծել է, որ դեռ դրանք հաստատման և քննության կարիք ունեն, որ այդ ամենի իրական կատարողները նույնպես պետք է պատասխանատվության ենթարկվեն, ինչպես նաև նշել է, որ հակամարտությունը ակնհայտ խորը վերքեր է թողել երկու կողմերի համար:

«Պարզ է, չէ՞, թե ինչ է կատարվում: Երբ Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների անհերքելի ապացույց է հայտնվում, դրա դեմն առնելու համար Ադրբեջանն արագ ներկայացնում է իբր նախկինում` 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական կողմից իրականացված պատերազմական հանցագործություններ: Դրանից հետո շատ արագ զոհի և հանցագործի միջև դրվում է հավասարության նշան (իբր երկու կողմերն էլ նույնն են արել)»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մարուքյանը։

Նրա խոսքով` ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորում լայնամասշտաբ պատերազմի ժամանակ տեղի ունեցած որևէ դեպք համեմատել խաղաղության պայմանագրի տեքստ քննարկելու ընթացքում իրականացված ակնհայտ պատերազմական հանցագործության հետ։
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանը վստահ է, որ հայկական ուժերը երբեք նման պատերազմական հանցագործություններ չեն կատարել։
«Անգամ համեմատության եզր չի կարող լինել այն ամենի հետ, ինչ մենք տեսանք այս զազրելի տեսանյութում: Թույլ չենք տալու հավասարության նշան դնել պատերազմական հանցագործության զոհի և հանցագործի միջև»,– եզրափակել է Մարուքյանը:
Հիշեցնենք` երեկ առավոտյան ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տեսանյութ էր տարածվել, որտեղ ցուցադրվում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները գնդակահարում հայ գերիներին։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պահանջել էր հստակ գնահատական տալ ադրբեջանական ԶՈւ–ի այս և նախորդող ժամանակահատվածներում իրականացված աղաղակող պատերազմական հանցագործություններին։
Հայ գերիների գնդակահարության տեսանյութում 7-8 զինծառայող կա. մի քանիսը նույնականացվել են