ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբեր – Sputnik. Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները մեկ շաբաթվա ընթացքում 49 արձանագրություն են կազմել ապօրինի առևտրի դեմ պայքարի միջոցառումների շրջանակում։ Այս մասին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հայտնել է քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը։
Սաֆարյանի խոսքով ՝ վարչական խախտման վերաբերյալ ևս 98 արձանագրություն քննարկման փուլում է։
Մեկ շաբաթվա ընթացքում «Թեժ գծին» ապօրինի առևտրի դեպքերի մասին 5 ահազանգ է ստացվել։ Ձեռնարկվել են համապատասխան միջոցներ։
Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները իրավապահների հետ համատեղ շարունակում են ստուգումներ իրականացնել մայրաքաղաքի փողոցներում ՝ ապօրինի առևտրի կետեր հայտնաբերելու նպատակով:
Հիշեցնենք, որ փողոցային ապօրինի առևտրի դեմ պայքարի նպատակով քաղաքային իշխանությունները նախաձեռնել են մի շարք օրենսդրական փոփոխություններ։ Մասնավորապես, առաջարկվում է փոփոխություններ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։ Ավելին, օգոստոսի կեսերին որոշում է կայացվել, որ օրենքը խախտող առևտրականներից պետք է ապրանք առգրավվի։