Հարցրեք Մայր աթոռից. Քոչարյանի գրասենյակը` Լևոն Տեր–Պետրոսյանի հայտարարության մասին

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը չի մեկնաբանել ՀԺ–ի հոդվածը, քանի որ կոնկրետ հեղինակ չի նշվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ առաջին նախագահի հայտարարությունների նկատմամբ վերաբերմունք ավելի լավ կլինի` Մայր աթոռն արտահայտի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը։
Բագրատ Միկոյան
Հայտնել ենք, որ Տեր–Պետրոսյանը, անդրադառնալով Ամենայն հայոց կաթողիկոսի նախաձեռնած հարթակին (վեհափառի հանդիպումները Հայաստանի և Արցախի նախագահների հետ), նշել էր, որ ՀԺ–ի այսօրվա հրապարակումից հետո դրա անհրաժեշտությունը կարելի է սպառված համարել։
«Ամենայն հայոց կաթողիկոսի նախաձեռնած հանդիպումների մասին մասնակիցներից մեկի մեկնաբանության նկատմամբ վերաբերմունք ավելի կոռեկտ կլինի` հարցնեք Մայր աթոռից: Անանուն աղբյուրներին հղումներ պարունակող հոդվածներ չեմ մեկնաբանում, որքան էլ դա հրապարակված լինի որևէ պաշտոնյայի ընտանեկան թերթում»,– ասաց Միկոյանը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 22-ին Մայր աթոռում տեղի էր ունեցել Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի և Հայաստանի նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ինչպես նաև ԼՂՀ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հանդիպումը`կաթողիկոսի հրավերով։
Հանդիպման ավարտին Մայր աթոռը տարածել էր հաղորդագրություն, որտեղ ասված էր. «Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում։ Որոշում է կայացվել շարունակել հանդիպումները»։
Սեպտեմբերի 30–ին հայտնի դարձավ, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին հանդիպել են։