ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Իրավաբանական անվճար օգնություն ստանալու համար Հանրային պաշտպանի գրասենյակին դիմելիս գրավոր հայտարարագրում կեղծ տվյալ ներառելու կամ ներկայացման ենթակա տվյալը թաքցնելու համար անձը կարող է պատժվել անգամ մինչև 2 տարի ազատազրկմամբ։
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում այս մասին ասաց արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը` ներկայացնելով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը։
«Անձը կպատժվի տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ 80-150 ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով»,– նշեց Մինասյանը։
Նրա խոսքով` նախագծով ընդհանուր առմամբ հանրային պաշտպանի ծառայությունից օգտվողների թիվն ավելանում է և «Քրեական օրենսգրքում» տվյալ փոփոխությունների նպատակն այն է, որ ավելի խիստ մոտեցում ցուցաբերվի նրանց նկատմամբ, ովքեր կեղծ տեղեկություն կտրամադրեն։
ՔՊ–ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց, թե ինչպես է կարգավորվելու այն անձանց հարցը, որոնց հնարավոր չի լինի հանրային պաշտպան տրամադրել։
«Նախագծով կարգավորվել է հարցի զգալի մասը` անհատ, պրոֆեսիոնալ փաստաբաններին հնարավորություն է տրվելու անվճար իրավաբանական օգնություն տրամադրել այն մարդկանց, որոնք գուցե չեն ընկնում հանրային պաշտպանի կողմից անվճար իրավաբանական օգնության տրամադրման շրջանակների մեջ, բայց հնարավորություն չունենալով` կկարողանան դիմել անհատ փաստաբանի»,– ընդգծեց փոխնախարարը։
Փաստաբանների մոտիվացիան լինելու է այն, որ նրանք, ովքեր պարտադիր պետք է տարեկան դասաժամեր վերցնեն, անվճար փաստաբանական օգնություն տրամադրելով, կազատվեն այդ պարտադիր էլեմենտից։