ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Հայ զինծառայողների սպանության տեսանյութն այսօր ներկայացվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Արդարադատության միջազգային դատարան։ Տեղեկությունը հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Արդարադատության միջազգային դատարան ներկայացված պահանջների շրջանակներում այսօր նշված դատարաններին է ներկայացվել սույն թվականի հոկտեմբերի 2-ին սոցիալական ցանցերում շրջանառված հայ զինծառայողների սպանության տեսանյութը՝ ևս մեկ անգամ ընդգծելով Ադրբեջանի կողմից էթնիկ հայերի հիմնարար իրավունքների խախտման փաստը»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` հոկտեմբերի 2-ի առավոտյան ադրբեջանական Telegram ալիքներում տեսանյութ էր տարածվել, որտեղ ցուցադրվում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները գնդակահարում հայ գերիներին։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պահանջել էր հստակ գնահատական տալ ադրբեջանական ԶՈւ–ի այս և նախորդող ժամանակահատվածներում իրականացված աղաղակող պատերազմական հանցագործություններին։
Ըստ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանի` հստակ ապացույցներ կան, որ հայ գերիների գնդակահարությանը ներգրավված է եղել «Կոմանդո» ստորաբաժանումը, որը վերապատրաստվում է թուրք հրամանատարների կողմից: Գնդակահարությունը տեղի է ունեցել Իշխանասարում։ Արդեն նույնականացրել են գնդակահարված երկու զինծառայողի։ Տեսանյութում երևում է, որ դիրքում գտնվել են9 զինծառայողներ, որոնցից 4-ին գնդակահարում են: Սակայն տարածված տեսանյութում այլ հայ գերիներ ևս կան:
Դեպքը դատապարտել էին նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։