ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Հստակ ապացույցներ կան, որ հայ գերիների գնդակահարությանը ներգրավված է եղել «Կոմանդո» ստորաբաժանումը: «Հետք» պարբերականի հետ զրույցում ասել է ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։
Նրա խոսքով` ջոկատը վերապատրաստվում է թուրք հրամանատարների կողմից: Փաստացի ստացվում է, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ներգրավված է նմանատիպ վայրագություններին:
Բացի այդ, ըստ Սահակյանի, հայկական կողմն արդեն պարզել է, որ երեկ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութը, որում հայ ռազմագերիների գնդակահարության կադրեր են երևում, կատարվել է Իշխանասարի դիրքերից մեկում` «Հովազ 1» բարձունքում: Ըստ նրա` ունեն հստակ փաստեր, որ 10 օր առաջ այդ հատվածից ադրբեջանցիները նկարներ են տարածել։
«Արդեն նույնականացրել ենք գնդակահարված երկու զինծառայողի, որոնք երևում էին նաև ադրբեջանցիների տարածած տեսանյութում` իրենց իրերով, տեղանքով: Այսինքն` միանշանակ է, որ Իշխանասարում է եղել»,- ասել է Սահակյանը:
Տեսանյութում երևում է, որ դիրքում գտնվել է 9 զինծառայող, որոնցից տեսանյութում երևում է 4-ի գնդակահարությունը: Սակայն տարածված տեսանյութում այլ հայ գերիներ ևս կան: Ըստ Սահակյանի` դիրքում ծառայություն իրականացնողների ցուցակը պետք է տրամադրեր պետությունը, սակայն այդ առումով հապաղել են, հավանաբար որպեսզի իրենք հանդես գան հայտարարությամբ: Իրավապաշտպանի խոսքով` այլ տարբերակով կարողացել են այնտեղ ծառայողների ցուցակը ձեռք բերել:
Հիշեցնենք` սեպտեմբերի 2-ի առավոտյան ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տեսանյութ էր տարածվել, որտեղ ցուցադրվում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները գնդակահարում հայ գերիներին։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պահանջել էր հստակ գնահատական տալ ադրբեջանական ԶՈւ–ի այս և նախորդող ժամանակահատվածներում իրականացված աղաղակող պատերազմական հանցագործություններին։