Եռակողմ պայմանավորվածություն էր. Գրիգորյանը` 17 գերի ազատելու ադրբեջանական խոստման մասին

Արմեն Գրիգորյան
Արմեն Գրիգորյանը նույնպես հայտնել է, որ Ադրբեջանը հերթական անգամ չի կատարել իր ստանձնած պարտավորությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. 17 հայ ռազմագերիներին ազատ արձակելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ տանը տեղի ունեցած` ՀՀ–ի և Ադրբեջանի ԱԽ նախագահների հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Իմ և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման ժամանակ եռակողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչև սեպտեմբերի 30-ը Ադրբեջանն ազատ է արձակելու սեպտեմբերին գերեվարված 17 հայ ռազմագերիներին: Արձանագրենք, որ հերթական անգամ Ադրբեջանը չի կատարել իր ստանձնած պարտավորությունը»,–գրել է Գրիգորյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր թվիթերյան իր էջում գրել է, որ արդեն 2-րդ անգամ Ադրբեջանը հրաժարվում է կատարել հայ գերիներին ազատ արձակելու իր խոստումը։ Նրա խոսքով` առաջին դեպքը մայիսին էր, երբ Ադրբեջանը Բրյուսելում էր նման խոստում տվել։
Հիշեցնենք` Ադրբեջանն այս տարի երեք անգամ է հայ գերիների փոխանցել հայկական կողմին։
Փետրվարի սկզբին Բաքուն վերադարձրեց 8 զինվորականի, մայիսի վերջին արտահանձնեց ժամկետային զինծառայող Էդուարդ Մարտիրոսովին, որը մեկ ամիս առաջ էր հայտնվել ադրբեջանական տարածքում: Սեպտեմբերի 8-ին ադրբեջանական գերությունից Հայաստան վերադարձան 5 ռազմագերիներ։
Նշենք, որ Բաքուն հաստատում է 38 հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց առկայությունը։
ՄԻԵԴ–ում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը սեպտեմբերի 27-ին հայտնեց, որ Ադրբեջանում պահվում է շուրջ 8 տասնյակ հայ գերի, որոնց Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես չեն ընդունում։