ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ հետաքննեն այն տեսագրությունը, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանական զինծառայողները գնդակահարում հայ ռազմագերիներին։ Բրյուսելում ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն։
«Մենք կոչ ենք անում, որ համապատասխան իշխանություններն անհապաղ հետաքննություն անցկացնեն», - ասել է նա։
Ստանոյի խոսքով՝ եթե հետաքննության արդյունքները ցույց տան տեսանյութի իսկությունը, ապա դա ռազմական հանցագործություն է և միջազգային իրավունքի ակնհայտ խախտում:
«Նման հանցագործությունը պետք է դատապարտվի», - հավելել է նա:
Հիշեցնենք` հոկտեմբերի 2-ի առավոտյան ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տեսանյութ տարածվեց, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները գնդակահարում հայ գերիներին։
Ըստ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանի` հստակ ապացույցներ կան, որ հայ գերիների գնդակահարությանը ներգրավված է եղել «Կոմանդո» ստորաբաժանումը, որը վերապատրաստվում է թուրք հրամանատարների կողմից: Գնդակահարությունը տեղի է ունեցել Իշխանասարում։ Արդեն նույնականացրել են գնդակահարված երկու զինծառայողի։ Տեսանյութում երևում է, որ դիրքում գտնվել է 9 զինծառայող, որոնցից 4-ին գնդակահարում են: Սակայն տարածված տեսանյութում այլ հայ գերիներ ևս կան: