ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և դրա իրացման արդյունքների լրիվ ու անսակարկելի ճանաչման հիման վրա: Այսպիսի հայտարարություն է արվել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրավիրած Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում։
Նշենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ընդառաջելով ԱՀ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի առաջարկին, այսօր հրավիրել է ԱՀ անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ` բարձրաստիճան մի խումբ պաշտոնյաների, խորհրդարանական բոլոր ուժերի ներկայացուցիչների և ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդի մասնակցությամբ:
«Արցախի Հանրապետության միջազգայնորեն չճանաչված լինելը չի նշանակում Արցախի ժողովրդի բնական իրավունքների ու Արցախի Հանրապետության գոյության փաստի բացակայություն: Չնայած բոլոր դժվարություններին ու մարտահրավերներին, այսուհետ ևս մենք շարունակելու ենք մեր ընտրած ճանապարհը սեփական հայրենիքում մեր ճակատագիրն ինքնուրույն որոշելու և տնօրինելու ուղղությամբ»,–նշված է հայտարարության մեջ:
Ընդգծվել է, որ Արցախի երկարաժամկետ ու կայուն անվտանգությունը պետք է ապահովվի թե՛ սեփական պաշտպանական հնարավորությունների, թե՛ ռուս խաղաղապահների անժամկետ առաքելության, և թե՛ Հայաստանի Հանրապետության բոլոր հնարավոր գործիքակազմերի միջոցով:
«Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը, չնայած վերջին ամիսների լրացուցիչ մարտահրավերներին, շարունակում է մնալ Արցախի ժողովրդի անվտանգության գլխավոր միջազգային երաշխիքը: Այս համատեքստում չափազանց վտանգավոր ենք համարում բնական դաշնակիցների հետ ավանդական հարաբերությունների վատթարացման փորձերը»,–նշված է հայտարարության մեջ:
Ընդգծվում է նաև, որ Արցախի համար անընդունելի է որևէ փաստաթուղթ, որը կարող է անտեսել ղարաբաղյան հակամարտության գոյությունը, հարվածի տակ դնել դրա արդարացի կարգավորման հեռանկարը և սահմանափակել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և դրա իրացման արդյունքների միջազգային ճանաչման հնարավորությունները, այդ թվում՝ տարածքային ամբողջականության սկզբունքի հանդեպ դրա ստորադասման կեղծ օրակարգով։
Արցախում վստահ են, որ Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնության պահպանումն ու ամրապնդումը պարզապես այլընտրանք չունի: Համազգային արժեքներն ու շահերը ենթադրում են, որ անկախ ամեն ինչից, Մայր Հայաստանը պետք է մշտապես լինի Արցախի կողքին բոլոր ուղղություններով, հատկապես Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորման և ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման առումներով:
«Քանի դեռ Արցախի Հանրապետությունը չի ընդգրկվել հակամարտության կարգավորման գործընթացում լիիրավ հիմունքներով և միջազգային բարձր ձևաչափի շրջանակներում, Հայաստանի Հանրապետությունն է պարտավորված ու լիազորված ներկայացնելու և պաշտպանելու Արցախի ժողովրդի իրավունքներն ու շահերը միջազգային հարթակներում»,–նշված է հայտարարության մեջ։
Ընդգծվում է, որ այդ պարտավորություններն ու լիազորություններն ամրագրված են Հայաստանի Հանրապետության ներպետական և միջազգային մի շարք փաստաթղթերով, այդ թվում՝ ԵԱՀԿ փաստաթղթերով և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ:
Արցախը պատրաստ է Ադրբեջանի հետ բանակցություններ վարել հակամարտության կարգավորման շուրջ՝ բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման դեպքում, որտեղ Արցախի Հանրապետությունը ճանաչված է որպես լիիրավ կողմ:
Հիշեցնենք` սեպտեմբերի 30–ին, Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է առանձնացնել Ղարաբաղի հարցից։ Մասնավորապես` խաղաղության պայմանագրում Ղարաբաղի հարցը կարող է և չլինել։ Նա շեշտեց, որ Ղարաբաղի հարցի քննարկման հիմնական շահառուն պետք է լինի ԼՂՀ ժողովուրդը` իր ընտրած ներկայացուցչի միջոցով։ Փաշինյանը նաև նշեց, որ եթե Ադրբեջանը ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որը հիմնված է 1991 թվականի դեկտեմբերի 18-ին Անկախ պետությունների համագործակցություն ստեղծելու համաձայնագրի վրա, ապա հայկական կողմը պատրաստ է այդ հենքի վրա գնալ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման։