Անցած շաբաթ Վրաստանի հետ սահմանը երկու ուղղություններով հատել են 69 511 ռուսաստանցիներ

Արխիվային լուսանկար
Ռուսաստանի քաղաքացիների հոսքը Վրաստան զգալիորեն նվազել է և վերադարձել «նախաճգնաժամային» մակարդակին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Անցած շաբաթվա ընթացքում ավելի քան 69 հազար մարդ է հատել ռուս-վրացական սահմանը երկու ուղղություններով։ Տեղեկությունը խորհրդակցության ժամանակ հայտնել է Հյուսիսային Օսեթիայի փոխվարչապետ Իրբեկ Տոմաևը։
«Ներկայումս Հյուսիսային Օսեթիայի տարածքում Ռուսաստանից ելքի է սպասում շուրջ 1422 բեռնատար, մարդատար մեքենաների հերթեր չկան։ Անցած շաբաթվա ընթացքում երկու ուղղություններով պետական սահմանի հատումն իրականացրել է 19 742 միավոր տրանսպորտային միջոց և 69 511 մարդ: Ճանապարհների վիճակը վերահսկելի է», - ասել է նա։
Միաժամանակ Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն հայտնել է, որ Ռուսաստանի քաղաքացիների հոսքը Վրաստան զգալիորեն կրճատվել է:
Ընդանուր առմամբ սեպտեմբերի 17-26-ն ընկած ժամանակահատվածում Վրաստան է մուտք գործել 78 742 ու երկրից մեկնել է 62 120 ՌԴ քաղաքացի: Վրաստան ռուսաստանցիների ժամանման գագաթնակետը սեպտեմբերի 23-26-ն ընկած ժամանակահատվածում է եղել, երբ երկիր է մուտք գործել 40 548 ու մեկնել՝ ՌԴ 22 929 քաղաքացի:
««Ռուսաստանի քաղաքացիների ժամանումը Վրաստան զգալիորեն կրճատվել է ու վերադարձել է նախորդ ժամանակաշրջանի մակարդակին և տատանվում է 6 հազարի սահմաններում», - ասել է Դարախվելիձեն:
Նշենք, որ Ռուսաստանում մասնակի զորահավաք հայտարարելուց հետո սեպտեմբերի 21-ից «Վերին Լարսում» դեպի Վրաստան, իսկ հետո նաև Հայաստան ուղևորվող մարդատար մեքենաների հերթեր էին գոյացել։