Աջակցել ադրբեջանցիների վայրագության դատապարտմանը. Քոչարյանը դիմել է ՆԱՏՕ-ի գործընկերներին

Քոչարյանը հայտնել է, որ 2 օր առաջ ողջ աշխարհն ականատես եղավ ադրբեջանցի զինվորների վայրագությանը, որոնք գնդակահարում էին անզեն հայ գերիներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ–ում հայկական պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանը գրությամբ դիմել է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների իր կոլեգաներին` Ադրբեջանի դեմ քայլեր իրականացնելու համար։ Տեղեկանում ենք ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջից։
Քոչարյանը, մասնավորապես, հայտնել է, որ 2 օր առաջ ողջ աշխարհն ականատես եղավ ադրբեջանցի զինվորների վայրագությանը, որոնք գնդակահարում էին անզեն հայ գերիներին։
Հայ գերիների գնդակահարության տեսանյութում 7-8 զինծառայող կա. մի քանիսը նույնականացվել են
«Ուզում եմ հիշեցնել, որ դեպքը տեղի է ունեցել ՀՀ ինքնիշխան տարածքում։ Ուստի, կխնդրեի, որ աջակցեիք նման գործողությունները դատապարտելու համար պատշաճ միջոցներ ձեռնարկելուն»,–գրել է Քոչարյանը։
Հիշեցնենք` երեկ առավոտյան ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տեսանյութ էր տարածվել, որտեղ ցուցադրվում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները գնդակահարում հայ գերիներին։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պահանջել էր հստակ գնահատական տալ ադրբեջանական ԶՈւ–ի այս և նախորդող ժամանակահատվածներում իրականացված աղաղակող պատերազմական հանցագործություններին։