ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ու Ադրբեջանի միջև 1919–1920թթ–ի քարտեզ գոյություն չունի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, Հայաստանի ազգային արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանը։
«Այդպիսի քարտեզ ընդհանրապես գոյություն չունի։ Երբ 1918թ–ին ստեղծվեցին Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի հանրապետությունները, նրանց միջև սահմանազատում և սահմանագծում չի եղել, որովհետև ունեին միմյանց միջև տարածքային վեճեր. Ադրբեջանը պահանջում էր Զանգեզուրը` Սյունիքը, Նախիջևանը, Վրաստանի հետ Զաքաթալայի օկրուգի հետ կապված վեճ ունեին։ Այդպես էլ մինչև իրենց գոյության վերջին օրը Ադրբեջանը (1920թ–ի ապրիլի 28), Հայաստանը (1920թ–ի նոյեմբերի 29) և Վրաստանը (1921թ–ի փետրվարի 23) միմյանց միջև սահմանազատում ու սահմանագծում չեն իրականացրել»,– ասաց Վիրաբյանը։
Իսկ եթե Ադրբեջանն իր այդ պահանջի հիմքում տեսնում է Ռուսական կայսրության այդ տարիների վարչատարածքային բաժանումը, ապա պատմաբանը հիշեցնում է, որ Ռուսական կայսրության քարտեզներով Անդրկովկասը բաժանված էր 5 նահանգների` Երևանի, Ելիզավետպոլի, Բաքվի, Քութայիսիի, Թիֆլիսի, ինչպես նաև Կարսի ու Բաթումի մարզերի ու Զաքաթալայի օկրուգի։
«Եթե նրանք մտածում են, որ Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներն իրենց են, դա իրենց խնդիրն է։ Բայց որ 1919 կամ 1920թ–ի քարտեզ լինի, նման բան գոյություն չունի։ Եթե լիներ, վաղուց տպագրած կլինեին, չէին պահի այսօրվա համար»,– ասաց Վիրաբյանը։
Պատմաբանը նաև արձանագրում է, որ Անդրկովկասի 3 հանրապետությունները փոխադարձաբար ու միջազգայնորեն ճանաչված սահմաններ չեն ունեցել, և 1920թ–ի հունվարին մեծ տերություններն այդ երկրները ճանաչել են դե ֆակտո, բայց ոչ դե յուրե։
Անգամ 1920թ–ի նոյեմբերի 1-ին, երբ Ազգերի լիգայում Ադրբեջանի ներկայացուցիչը` Ալիմամեդ բեկ Թոփչիբաշևը, դիմել էր Ազգերի լիգայի գլխավոր քարտուղարին` Ադրբեջանն Ազգերի լիգա ընդունելու խնդրանքով, նրա այդ դիմումը մերժվել է հենց այդ հիմքով, որ միջազգային իրավունքով Ադրբեջան պետություն ուղղակի գոյություն չունի։
Վիրաբյանը նշեց, որ 1920թ–ի դեկտեմբերին հարցը քննարկվել է Ազգերի լիգայում և նշվել, որ «այդ տարածքը` 40 հազ. քառ. մղոն մակերեսով (խոսքը Ադրբեջանի մասին է), նախկինում երբևիցե պետություն չի եղել, այլ միշտ ընդգրկված է եղել ավելի մեծ տերությունների կազմի մեջ, ինչպիսիք են Մոնղոլական կայսրությունը, Պարսկաստանը, իսկ սկսած 1813թ–ից` Ռուսաստանի կայսրությունը»։
«Դժվար է պարզել այն տարածքի ճշգրիտ սահմանը, որտեղ Ադրբեջանի կառավարությունն իրականացնում է իր իշխանությունը։ Հարևանների հետ ունեցած սահմանային վեճերը թույլ չտվեցին ճշգրիտ որոշել Ադրբեջանի սահմանները։ Կոմիտեն որոշեց, որ Ազգերի լիգայի պայմանագրի պայմանները թույլ չեն տալիս Ադրբեջանին անդամակցել Ազգերի լիգային` ներկա հանգամանքներում»,–պատմական որոշման հատվածն է մեջբերում Վիրաբյանը։
Նա նշեց, որ փաստացի` Ադրբեջանը չուներ ճանաչված սահմաններ, և հարց է առաջանում` այդ նույն պետությունն ի՞նչ սահմանների մասին է խոսում գոյություն չունեցող քարտեզներով։
Ըստ մեր զրուցակցի` Ադրբեջանն այսկերպ իր բոլոր ժամանակների նույն նպատակն է հետապնդում` «որքան հնարավոր է շատ տարածքներ պոկել Հայաստանից` տեսնելով, որ Հայաստանը, ինչպես երևում է, հոժարակամ տալիս է»։
Վիրաբյանը փաստում է, որ Անդրկովկասում առաջին սահմանագծումն իրականացվել է միայն խորհրդային հանրապետությունների հռչակումից հետո` 1921թ–ին` խորհրդային հանրապետությունների ղեկավարների կողմից։ Ընդ որում` ո՛չ այդ ու դրան հաջորդած, ո՛չ էլ դրան նախորդած որևէ ժամանակահատվածում Զանգեզուրը (Սյունիքը) երբեք չի եղել Ադրբեջանի կազմում։
1921թ–ի այդ սահմանազատումից հետո խորհրդային հարևան հանրապետությունների միջև տարածքային որոշ փոքր փոփոխություններ են կատարվել գյուղերի ու կոլտնտեսությունների մակարդակով, երբեմն` ուղղակի բանավոր պայմանավորվածությունների հիման վրա։
«Հայաստանից տարածքներ են անցել Ադրբեջանին, Ադրբեջանից տարածքներ են անցել Հայաստանին, օրինակ`Նյուվադի գյուղը։ Բայց Կապանի շրջանից` Կապանից արևելք գտնվող 12 թե 16 գյուղ անցել են Ադրբեջանին։ Դրա համար Կապանը հայտնվեց հենց սահմանի բերանին։ Նման փոփոխություններ կատարվել են 1921թ–ից մինչև 1988թ–ը, որոնք վերջին փոփոխություններն էին։ Բայց խորհրդային սահմանները հիմնականում մնացել են նույնը։ Փոփոխությունները կազմել են մի քանի հեկտար, այդպիսի հսկայական տարածքներ չէին»,– ասաց Վիրաբյանը։
Հարցին, թե որպես մասնագետ ինքը ո՞ր քարտեզը հիմք կընդուներ այսօր երկու երկրների միջև սահմանազատում իրականացնելու համար, Ամատունի Վիրաբյանն այսպես պատասխանեց.
«Կա 1988-1990թթ–ի Խորհրդային Միության քարտեզ, որտեղ շատ մանրամասն ներկայացված են ԽՍՀՄ–ի վարչական սահմանները»։
Այս պարագայում, սակայն, եթե Հայաստան այսօր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչի Խորհրդային Միության տարածքով, ապա, ըստ Վիրաբյանի, այդ պայմանագրի տակ ստորագրություն դնելով`կհրաժարվի Արցախից։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթն այսօր, «հավաստի աղբյուրին» հղումով, ներկայացրել է Ադրբեջանի պահանջները Հայաստանից։ Դրանց շարքում հիշատակվում է նաև սահմանազատման և սահմանագծման գործընթացի ադրբեջանական տարբերակը, որի համաձայն` այն պետք է իրականացվի 1919, 1920 թվականի քարտեզներով։ Բայց առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ որ քարտեզների մասին է խոսքը։
Ի դեպ, այս նույն միտքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնչեցրել էր նաև սեպտեմբերի 30-ին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը հարցազրույցում։
«Ադրբեջանական կողմը 19-րդ դարի քարտեզ է մեջբերում։ 19-րդ դարում Ադրբեջան է եղե՞լ, որ Ադրբեջանի քարտեզ լինի։ Դա է ամբողջ խնդիրը։ Եթե այդպիսի խոսույթ չլիներ, խաղաղության պայմանագիրը վաղուց ստորագրված կլիներ»,– ասել էր Փաշինյանը։
Նա նաև նշել էր, որ եթե խաղաղության պայմանագրի համար հիմք ընդունվեր 1991թ-ի դեկտեմբերի 18-ի իրավական ուժ ունեցող փաստաթուղթը, դելիմիտացիան կարելի էր շատ արագ անել։