Թաիլանդական մուայթայն ու հայ մարզիկի հաղթանակը Բանգկոկում. ֆեդերացիան պատրաստվում է ԱԱ-ին

Պրոֆեսիոնալ մուայթայի աշխարհի չեմպիոն Էդգար Մելքոնյանը
Պրոֆեսիոնալ մուայթայի ֆեդերացիան Հայաստանում վաղուց է գործում։ Շատերի համար միգուցե անծանոթ մարզաձևը ժամանակին համաշխարհային համբավ է ապահովել Բրյուս Լիին, որը չինական բռնցքամարտի ներկայացուցիչ էր։ Մուայթայը թաիլանդական բռնցքամարտն է, և Հայաստանը ունի աշխարհի չեմպիոն։
Sputnik
Հայաստանի պրոֆեսիոնալ մուայթայի ֆեդերացիայի նախագահ Արամ Աբրահամյանն ու մարզաձևի 2016 թվականի աշխարհի չեմպիոն Էդգար Մելքոնյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացրել են իրենց աշխատանքը, պատմել աշխարհի չեմպիոնի տիտղոսը վաստակելու մասին, ներկայացրել նպատակներն ու խնդիրները։ Զրուցել է Խաչիկ Չախոյանը։
-Պարոն Աբրահամյան, մուայթայ կամ թաիլանդական բռնցքամարտ։ Մենք շատ ենք լսել հանրահայտ Բրյուսի Լիի մասին, որը համարվում էր չինական բռնցքամարտի ներկայացուցիչ։ Ի՞նչ նմանություն կա այս մարզաձևերի միջև։
- Մուայթայը հազարամյակների պատմություն ունի։ Մուայթայ թարգմանաբար նշանակում է ազատ մենամարտ կամ ազատների մենամարտ։ Մարզաձևի հիմքում արագ գործողություններն են վերջույթների օգնությամբ մրցակցին էֆեկտիվ կերպով շարքից հանելու համար. մարզիկներն օգտագործում են ձեռքերի, ոտքերի, արմունկների և ծնկների հարվածները։
Հայաստանի պրոֆեսիոնալ մուայթայի ֆեդերացիայի նախագահ Արամ Աբրահամյանը
Հավելեմ, որ Հայաստանի պրոֆեսիոնալ մուայթայի ֆեդերացիան հիմնականում ձգտում է սիրողական մակարդակի մարզիկներից նախապատրաստել պրոֆեսիոնալներ, որոնք էլ հանդես են գալիս տարբեր մրցումներում։ 2016 թվականին Էդգար Մելքոնյանը Թաիլանդի մայրաքաղաք Բանկոգում դարձավ աշխարհի չեմպիոն WMF վարկածով PRO-M(սիրողական մարզիկներ պրոֆեսիոնալ ուղղվածությամբ) մարզիկների միջև։
-Լավ, ինչպե՞ս Թաիլանդում ծնված մարզաձևում և Թաիլանդի մայրաքաղաքում անցկացվող մրցումներում աշխարհի չեմպիոն դարձավ հայ մարզիկը։
-Ես այդ հաջողությունը կապում եմ մի քանի գործոնների հետ։ Հայ ազգին բնորոշ մարտնչելու յուրահատուկ ունակություն, մենապայքարելու տաղանդ, աշխատասիրություն, դժվարությունները հաղթահարելու մեծ ձգտում ու նպատակին հասնելու մեծ ցանկություն։ Մենք մեծ հպարտություն էինք զգում, երբ 79 երկիր ներկայացնող մարզիկների պայքարում, 60 կգ քաշային կարգում Էդգարը հռչակվեց չեմպիոն։
-Էդգար, ի՞նչու ո՛չ ըմբշամարտ, ո՛չ բռնցքամարտ, ո՛չ ծանրամարտ, այլ մուայթայ։ Չէ որ մյուս մարզաձևերը Հայաստանում հարուստ պատմություն ու ավանդույթներ ունեն։
-Ես 1997-98 թվականներից սկսեցի զբաղվել քիքբոքսինգով։ 1999-ին Թաիլանդում մուայթայ մարզաձևի սեմինարների մասնակցեցի։ Ինձ միանգամից ձգեց մարզաձևի այսպես ասած «չորությունը»՝ արմունկներով ու ոտքերով հարվածները։ Գցումներ էլ կան մարզաձևում, բայց ինձ դուր է գալիս մուայթայի հարվածային հնարավորությունները։
Պրոֆեսիոնալ մուայթայի աշխարհի չեմպիոն Էդգար Մելքոնյանը
-Էդգար, իսկ ի՞նչ հիշողություններ կան աշխարհի չեմպիոն դառնալուց հետո։
-2016 թվականին` իմ չեմպիոն դառնալուց հետո, Թաիլանդում քննարկեցին աշխարհի առաջնությունը Հայաստանում անցկացնելու հարցը, ու առաջարկ եղավ 2017 թվականին այն այստեղ անցկացնել ։ Բայց ֆինանսների բացակայության պատճառով մրցաշարը այլ երկրում կայացավ։
-Պարոն Աբրահամյան, իսկ ի՞նչ ծրագրեր ունեք ապագայի հետ կապված։
-Մենք այս տարի նոյեմբերին մասնակցելու ենք աշխարհի հերթական առաջնությանը, որը նորից Թաիլանդում է անցկացվելու։ Հիմա հավաքական թիմ է ձևավորվում, հուսով եմ` կկարողանանք լավ արդյունքներ գրանցել։ Մեզ, ինչպես և համաշխարհային սպորտին, խանգարեց Covid-ի հետ կապված լոքդաունը։ Հիմա արդեն կարծես մրցումների անցկացման հարցում խնդիրներ չկան։
-Աշխարհի, Եվրոպայի կամ այլ կարգի մրցումներին մասնակցելու համար ֆինանսներ են հարկավոր։ Դուք պետական աջակցություն ունե՞ք։
-Ոչ, չունենք։ Մենք, այսպես ասեմ, ինքնաֆինանսավորվում ենք, ինչ կարողանում է, ֆեդերացիան է անում, օգնում են մեր ընկերները, ծնողները, մարդիկ, ովքեր ցավում են մեր մարզաձևի համար։ Նախկինում դիմել ենք Հայաստանի սպորտի նախարարություն, ոչինչ չի ստացվել։ Հիմա դեռ չենք ձեռնարկել նման հանդիպում մարզական ղեկավարության հետ։ Տեսնենք, կփորձենք ինչ-որ բանի հասնել այդ ուղղությամբ։
-Պարոն Աբրահամյան ,Հայաստանի հավաքական թիմը ի՞նչ կազմով կարող է մեկնել Թաիլանդ աշխարհի առաջնության մասնակցելու համար։
-Մենք հիմա փորձում ենք հասկանալ, թե մեր տղաներից ո՞վ է պատրաստ պայքարել ոսկե մեդալի համար։ Լավագույններին ենք ընտրելու և մեկնելու ենք մրցատեղ միայն մեդալ վաստակելու նպատակով։ Արդեն մենք մեզ ապացուցել ենք, որ կարող ենք հասնել լուրջ հաջողության։ Ինչո՞ւ չփորձենք կրկնել։ Կարծում եմ` 4-5 քաշային կարգում Հայաստանը ներկայացված է լինելու աշխարհի առաջնությունում։ Խնդիրը ֆինանսներն են, դրա համար էլ մենք սեղմ կազմով կմեկնենք։
Հայաստանի պրոֆեսիոնալ մաույթայ ֆեդերացիան նվիրված աշխատանք է կատարում մարզաձևը Հայաստանում զարգացնելու համար։ Աշխարհի չեմպիոն ունենք, որը հաղթել է նաև Չինաստանում կայացած պրոֆեսիոնալ մենամարտում։ Ունենք մարզիկներ, որոնք արդեն պատրաստ են առաջիկա մրցումներին։ Ու ինչպես նշեց ֆեդերացիայի նախագահ Արամ Աբրահամյանը, դժվարություններ հաղթահարելը սովորական բան է դարձել, բայց դրա համար մարդկանց օգնությունն է հարկավոր։