ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. Իսկության մասով, կարծում ենք, որևէ կասկած չկա, ադրբեջանական զինված ուժերին բնորոշ ձեռագիր է, հայտարարել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան մեկնաբանելով տելեգրամյան ալիքներում տարածված տեսանյութը, որում ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար գնդակահարում են հայ գերիներին:
«Տեղանքի և ժամանակագրության վերաբերյալ այս պահին որևէ հստակ տվյալ հայտնել չենք կարող, այժմ համապատասխան մարմիններն ուսումնասիրում են տեսանյութը:
Իսկության մասով, կարծում ենք, որևէ կասկած չկա, ադրբեջանական զինված ուժերին բնորոշ ձեռագիր է։ Այդ ձեռագիրը մեզ և միջազգային հանրությանը հայտնի է նախորդիվ տեղի ունեցած նույնանման դեպքերի վերաբերյալ անհերքելի ապացույցներից»:
Ավելի վաղ սոցցանցերում հայտնվել էին կադրեր, որտեղ երևում է ադրբեջանցիների կողմից հայ գերիների խմբի գնդակահարությունը։ Ենթադրվում է, որ ողբերգական իրադարձությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի ժամանակ։
Տեսանյութին անդրադարձել էր Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ մասնավորապես նշելով, որ եթե այդ կադրերի արժանահավատությունը հաստատվի, ապա առկա է ռազմական հանցագործություն, որը պետք է հետաքննվի, իսկ մեղավորները` պատժվեն։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն հայտնել էր, որ սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197-ը զինծառայող, 4 քաղաքացիական անձ։
Վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: