Միջանցքային անվերահսկելի ուղիները կարող են խնդրահարույց լինել նաև ՌԴ–ի համար. քաղաքագետ

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությանը, ըստ որի` Մոսկվան, Երևանն ու Բաքուն «արտատարածքային միջանցք» ստեղծելու հարց չեն քննարկում։
Sputnik
Ռուսաստանն ինքն էլ շահագրգռված չէ, որպեսզի Ադրբեջանին և Թուրքիային տրամադրվեն ճանապարհներ, որոնցով նրանք կարող են ազատորեն, առանց հսկողության տեղափոխել ամեն ինչ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը։
ՌԴ նախարարների կաբինետի փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկը Երևանում կայացած «Հայ–ռուսական բիզնես–երկխոսություն 2022» գործարար առաքելությունից, միջտարածաշրջանային համաժողովից հետո «Ռոսիսկայա գազետային» տված հարցազրույցում ասել է, որ Մոսկվան, Երևանն ու Բաքուն «արտատարածքային միջանցք» ստեղծելու հարց չեն քննարկում։
«Հարավային Կովկասում միջանցքային տրամաբանությամբ անվերահսկելի ճանապարհները կարող են խնդրահարույց լինել նաև Ռուսաստանի համար, որովհետև Թուրքիան և Ադրբեջանը մեր տարածաշրջանում ստեղծում են աշխարհաքաղաքական նոր բևեռ, որոնց հիմնական մրցակիցը հենց Ռուսաստանն է»,– ասաց քաղաքագետը։
Մելիք–Շահնազարյանը հիշեցրեց, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, որտեղ գործում են միասնական մաքսային կանոնակարգեր, հետևաբար ՀՀ–ի գործող և ապագայում շահագործվելիք մաքսատները ենթակա են բոլոր այն կարգավորումներին, որոնք ընդունվել են ԵԱՏՄ շրջանակներում։ Հարցն այն չէ` մաքսատունը հայկակա՞ն է, թե՞ ռուսական։ Խնդիրն այն է, որ ԵԱՏՄ մաքսային բոլոր կանոնակարգերը պետք է գործարկվեն Հայաստանի սահմաններում։
«Արտատարածքային միջանցքի կարգավիճակի բացառության մասին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարություններ արել է նաև նախկինում, երբ նոր էր մեկնարկել երեք երկրների փոխվարչապետերի մակարդակով հանձնախմբի գործունեությունը։ Հստակ նշվում էր, որ միջանցքային տրամաբանությամբ լուծումներ չեն լինելու։ Հայտարարությունների, քաղաքական գնահատականների մակարդակում ներկայացվում է մեկ իրողություն, որ տարվող աշխատանքները միանգամայն այլ բնույթի են»,– ասաց Մելիք–Շահնազարյանը։
Ադրբեջանը փորձում է հասնել էքստրատերիտորիալ միջանցք ստանալուն. Միրզոյանը` դիվանագետներին
Նշենք, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների` 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ։ Այդ նպատակով որոշվել է երեք երկրների փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խումբ ստեղծել, որը կկենտրոնանա տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի կարգավորման վրա։