ՀՀ–ն հստակ գնահատական է պահանջում. ԱԳՆ–ն` հայ գերիների սպանության մասին

Միջազգային հանրությունը պարտավոր է մեծացնել Ադրբեջանի նկատմամբ ճնշումը՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Սոցիալական ցանցերում ադրբեջանական օգտատերերի կողմից շարունակաբար տարածվող մի շարք տեսանյութեր փաստում են ադրբեջանական ԶՈւ–ի կատարած պատերազմական հանցագործությունների՝ հայ ռազմագերիների արտադատական սպանությունների, հայ զինծառայողների, այդ թվում` կանանց խոշտանգման և դիերի պղծման դեպքերի մասին։ Նման հայտարարություն է արել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«Հայաստանի Հանրապետությունը պահանջում է հստակ գնահատական տալ ադրբեջանական ԶՈւ–ի այս և նախորդող ժամանակահատվածներում իրականացված աղաղակող պատերազմական հանցագործություններին։ Մենք հետամուտ ենք լինելու միջազգային համապատասխան հարթակներում և ատյաններում խնդրի բարձրաձայնմանը, և վերոնշյալ հանցագործությունների մեղավորներին ու կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելուն, այդ թվում՝ միջազգային պատժամիջոցների կիրառմամբ»,– ասված է հաղորդագրությունում։
Արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնում են, որ այս համատեքստում միջազգային պատշաճ հետաքննության իրականացումը հրամայական է։
Նախարարությունից միաժամանակ ընդգծում են, որ միջազգային հանրությունը պարտավոր է մեծացնել Ադրբեջանի նկատմամբ ճնշումը՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման, բռնի անհետացումների և անհետ կորածների ճակատագրերի բացահայտման համար։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծել է, որ Հայաստանը կօգտագործի բոլոր հասանելի մեխանիզմները` հետաքննությունն ապահովելու և պատասխանատվության ենթարկելու համար։
Այս դաժանությանն անդրադարձել է նաև ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը` միջազգային հանրության կոչ անելով պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին իր կատարած ռազմական հանցագործության համար։
Ավելի վաղ սոցցանցերում հայտնվել էին կադրեր, որտեղ երևում է ադրբեջանցիների կողմից հայ գերիների խմբի գնդակահարությունը։ Ենթադրվում է, որ ողբերգական իրադարձությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի ժամանակ։
Տեսանյութին անդրադարձել է նաև ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարն ընդգծելով՝ իսկության մասով, կարծում են, որևէ կասկած չկա, ադրբեջանական զինված ուժերին բնորոշ ձեռագիր է, իսկ տեղանքի և ժամանակագրության վերաբերյալ այս պահին որևէ հստակ տվյալ դեռ չեն կարող հայտնել։
Հայ գերիներին գնդակահարելու տեսանյութի մասով դիմումներ կուղարկվեն միջազգային դատարաններ
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն էլ նշել էր, որ եթե այդ կադրերի արժանահավատությունը հաստատվի, ապա առկա է ռազմական հանցագործություն, որը պետք է հետաքննվի, իսկ մեղավորները` պատժվեն։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
ՔԿ–ն սեպտեմբերի 30–ին հայտնեց, որ Հայաստանի դեմ ադրբեջանական վերջին հարձակման հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ, որից 197–ը զինծառայողներ են, իսկ 4-ը` քաղաքացիական անձինք։ Գերիների թիվ նշվում է 20-ը։