Շաբաթվա սկզբում` Արցախյան 44-օրյա պատերազմի 2-րդ տարելիցի նախօրեին զոհվածների ծնողները հավաքվել էին Եռաբլուրում, որպեսզի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան կանխեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը զինվորական պանթեոն։ Նրանց հետ էին նաև ուղղակի քաղաքացիներ և ընդդիմության ներկայացուցիչներ։
Հաջորդ օրն էլ Հայաստան էր ժամանել Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը։ Նա հանդիպել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Դենդիասը հայտնել է, որ Հունաստանն աջակցում է բոլոր պետությունների ինքնավարությանն ու տարածքային ամբողջականությանը։
Այս շաբաթը ևս անմասն չի մանցել բողոքի ակցիաներից։ Այս անգամ էլ Արմավիրի մարզի խաղողագործներն էին կառավարության շենքի մոտ։ Նրանց հետ էին նաև Մեծամոր և Սարդարապատ համայնքների ղեկավարները։ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն էլ կառավարությունում այդ հարցով քննարկումներ էր անցկացնում։ Բողոքի ակցիայից հետո մարզպետը, համայնքների ղեկավարներն ու խաղողագործները ուղևորվել են Էկոնոմիկայի նախարարություն` գերատեսչության ղեկավարի` Վահան Քերոբյանի հետ հանդիպման։
ԵՊՀ-ում էլ դասախոսություն է կարդացել NASA-ի Գոդդարդի թռիչքների կենտրոնի աստղաֆիզիկոս Վլադիմիր Հայրապետյանը, որը պատմել է Լուսնի հակառակ կողմում տեղադրվող նոր ռադիոաստղադիտակի հնարավորությունների մասին։
Շաբաթվա ընթացքում հերթական մամուլի ասուլիսով է հանդես եկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նա խոսել է զենքի գնման, հնարավոր հերթական կապիտուլյացիայի, ժողովրդի պայքարի և այլ հարցերի մասին։
Մեծամորի հնավայրում էլ պեղումները շարունակվում են։ Այս տարի անհավանական գանձերով լի դամբարան են բացել` ոսկե ուլունքահատիկներ, կախիկներ, զարդեր, սաթից, ագաթից, սարդիոոնից ուլունքներ և այլն։ Գնտվել է նաև երկու կմախք` տղամարդու և կնոջ, որոնք իրար վրա տեղադրված են եղել։
Հայաստանում առաջին անգամ հոկեյի սիրողական մրցաշար է անցկացվել։ Խաղում էին Հայաստանի և Ռուսաստանի հավաքականները։
Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում էլ «Ալաշկերտն» առաջին պարտությունն է կրել։ «Փյունիկը» ջախջախել է մրցաշարի առաջատարին 5-1 հաշվով։