ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասի և թագավոր Չարլզ 3-րդի միջև տարաձայնություններ են առաջացել ՄԱԿ-ի COP27 Կլիմայի փոփոխության կոնֆերանսին այցելության պատճառով: Կոնֆլիկտի մասին հայտնում է The Sunday Times-ը։
Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի թագավորը վարչապետի պնդմամբ հրաժարվել է միջոցառմանը մասնակցելուց։
«Նա (Չարլզ 3-րդը) ծրագրում էր ելույթ ունենալ Եգիպտոսում համաշխարհային առաջնորդների հանդիպմանը։ Թրասսը, որը նույնպես դժվար թե գնա Շարմ էլ Շեյխում անցկացվող գագաթնաժողովին, թագավորի ծրագրերի վերաբերյալ անհամաձայնություն է հայտնել Բուքինգհեմյան պալատում անձնական ընդունելության ժամանակ»,-գրում է պարբերականը։
Times-ի տվյալներով՝ այդ որոշումը կարող է մեծացնել լարվածությունը վարչապետի և միապետի միջև։ Պարբերականի զրուցակիցը նշել է, որ այդ հարցի քննարկումն ընթացել է «ջերմ մթնոլորտում», առանց սկանդալի։
«Այն փաստը, որ Նորին Մեծությունը ներկա չի լինի գագաթնաժողովին ֆիզիկապես, չի նշանակում, որ նա մասնակցելու ուղիներ չի գտնի»,-ասել է նա:
Times-ի մեկ այլ աղբյուր ընդգծել է, որ թագավոր Չարլ III-ը «կհիասթափվի», եթե չայցելի կլիմայական գագաթնաժողովին:
COP27-ը տեղի կունենա 2022 թվականի նոյեմբերին։ Գլոբալ աղետի կանխման ծրագրերի քննարկման նոր վայրեր են դարձել Եգիպտոսը և Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ): Երկրները 2022 և 2023 թվականներին համապատասխանաբար կընդունեն COP27-ը և COP28-ը։