Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. Հոկտեմբերի 2֊ին աշխատանքային այցով Ժնևում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից։
Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի Հանրապետության նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքների վերացման՝ Ադրբեջանի զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքներից դուրսբերման, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման, հրադադարի ռեժիմի ավերապահ պահպանման հրամայականը:
Տոյվո Կլաար
Նախարար Միրզոյանը խստորեն դատապարտել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջազգային իրավունքի կոպտագույն խախտումները և իրականացրած պատերազմական հանցագործությունները, մասնավորապես` խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը, հայ ռազմագերիների անմարդկային խոշտանգումներն ու արտադատական սպանությունները, և շեշտել, որ մեղավորները պետք է համարժեք պատասխանատվության ենթարկվեն, այդ թվում՝ պատժամիջոցների կիրառմամբ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի։
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ավելի վաղ արձագանքել էր Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից հայ ռազմագերիների սպանությանը: Եվրոպացի պաշտոնյան իր Twitter-ում ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում հայտնված կադրերը սարսափելի է անվանել։
Արարատ Միրզոյան
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն էլ պահանջել էր հստակ գնահատական տալ ադրբեջանական ԶՈւ–ի այս և նախորդող ժամանակահատվածներում իրականացված աղաղակող պատերազմական հանցագործություններին։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
ՔԿ–ն սեպտեմբերի 30–ին հայտնեց, որ Հայաստանի դեմ ադրբեջանական վերջին հարձակման հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ, որից 197–ը զինծառայողներ են, իսկ 4-ը` քաղաքացիական անձինք։ Գերիների թիվ նշվում է 20-ը։