«Ապրելու երկիր»-ն ու ՀԱԿ-ը որոշել են, թե ովքեր են ղեկավարելու Ալավերդի համայնքը

Ալավերդի
Ալավերդի համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է 6791 ձայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 6557, ՀԱԿ-ը՝ 340, իսկ ՀՅԴ-ն՝ 316 ձայն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. «Ապրելու երկիր» և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների համատեղ հայտարարություն են տարածել, որով հայտնել են համայնքի զարգացման շուրջ համագործակցության մասին հուշագրի ստորագրման վերաբերյալ։
Հուշագրում մասնավորապես նշվում է, որ կուսակցությունները Ալավերդի համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրում և ընտրում «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակի առաջին համար Արկադի Թամազյանին, համայնքի ղեկավարի առաջին տեղակալի թեկնածու են առաջադրում և ընտրում «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ցուցակի երկրորդ համար Տիգրան Պապոյանին, համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակվում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչ Սասուն Վարդումյանը։
ՏԻՄ ընտրություններում քաղաքական ընտրապայքար չկար. քաղտեխնոլոգ
Օձուն, Շնող, Մեծ Այրում, Ծաթեր, Այգեհատ բնակավայրերի ղեկավարումը ստանձնում են «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչները, մնացած բնակավայրերի ղեկավարումը՝ «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչները։
Սեպտեմբերի 25-ին Հայաստանի 8 մարզերի 18 համայնքներում կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։
Լոռու մարզի Ալավերդի համայնքում, ըստ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի գրանցած նախնական արդյունքների, «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է 6791 ձայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 6557, ՀԱԿ-ը՝ 340, իսկ ՀՅԴ-ն՝ 316 ձայն: