ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Ուկրաինան մտադիր է ջեռուցման հաջորդ սեզոնին լիովին հրաժարվել գազից։ Այս հայտարարությունն արել է «Ուկրաինայի Նաֆտոգազ» ընկերության վարչության ղեկավար Յուրի Վիտրենկոն, որի խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ժիտոմիրի փորձը ցույց է տալիս, որ շատ դեպքերում կարելի է ջեռուցման հաջորդ սեզոնին բնական գազը փոխարինել, օրինակ, կենսազանգվածով, աղբով»,– ասել է նա:
Նրա խոսքով՝ այժմ Ժիտոմիրում ՋԷԿ-եր են կառուցվում, որոնք կաշխատեն կենսազանգվածով ու RDF-ով (refuse derived fuel – պինդ երկրորդային վառելիք, փաստացի կենցաղային աղբ. խմբ.) ու փայտի մնացորդներով, դրանց ընդհանուր հզորությունը կկազմի 50 մեգավատտ: Վիտրենկոն վստահեցրել է, որ «Նավթոգազի» համար տնտեսապես ավելի ձեռնտու է նման նախագծեր իրականացնել, քան գազ ներկրել։
«Մենք դրա համար միջոցներ ենք ներգրավում միջազգային գործընկերներից։ Նման նախագծերն օգնում են այնպես անել, որ ապագայում ամբողջ էներգետիկան կայուն լինի։ Մենք նաև պետք է գիտակցենք, թե որքան կարևոր է, որ բնական գազից անցնենք կենսազանգվածի, այլընտրանքային աղբյուրների, ջերմային պոմպերի, որքան հնարավոր է շուտ, որովհետև հաշվի առնելով գազի շուկայական գինը` նման նախագծերը երկու-երեք ամսում կարդարացնեն իրենց», - ասել է նա։
Վիտրենկոն խորհուրդ է տվել համաքաղաքացիներին ձմռան նախաշեմին ծածկոցներ ու տաք հագուստ կուտակել, քանի որ ջեռուցման սեզոնին շենքերում ջերմաստիճանը 17-18 աստիճան կլինի, ինչը չորս աստիճանով պակաս է նորմայից, իսկ ջեռուցման սեզոնը սովորականից կարճ կլինի:
Ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հավաստիացրել էր, որ աշնանն ու ձմռանը երկիրը կապահովվի էներգառեսուրսների անհրաժեշտ քանակով: Նա նշել էր, որ այսօրվա դրությամբ Ուկրաինայի գազապահեստարաններում ավելի քան 13,2 մլրդ խորանարդ մետր գազ կա։