Թուրքիային F-16 կործանիչներ չվաճառե՛լ. Մենենդեսը հանդես է եկել ևս երկու նախաձեռնությամբ

Ռոբերտ Մենենդես
Մենենդեսի առաջարկած նախագծերի քննարկումները Սենատում սկսվելու են հոկտեմբերի 11-ից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը սեպտեմբերի 30-ին հանդես է եկել ևս երկու նախաձեռնությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը։
Մենենդեսն օրերս ԱՄՆ Սենատին բանաձևի նախագիծ էր ներկայացրել, որը դատապարտում է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա:
«Մենենդեսի նոր նախաձեռնությունը կարգավորումներ է ենթադրում 2023թ. ֆիսկալ տարվա «Ազգային պաշտպանական արտոնությունների ակտում», որոնք ԱՄՆ նախագահին զրկում են «907-րդ բանաձևի» կիրարկումից հրաժարվելու հնարավորությունից և արգելափակում Թուրքիային F-16 կործանիչների ու դրանց արդիականացման համակարգերի վաճառքը։ Սա ուղղակիորեն կզրկի Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակությունից»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նախաձեռնության առթիվ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն ասել է` ներկայացված միջոցառումներն օրենսդրորեն կապահովեն, որ ԱՄՆ-ն այդ ուժերից որևէ մեկին չուղարկի զենք և ամերիկյան հարկերից գոյացած միջոցներ։
Թուրքիան Սու-35-ի գնման հարցը կարող է դիտարկել F-16-ի գործարքի ձախողումից հետո. Դեմիր
2023թ. ֆիսկալ տարվա «Ազգային պաշտպանական արտոնությունների ակտի» քննարկումները Սենատում սկսվելու են հոկտեմբերի 11-ից։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը մի շարք ուղղություններով շարունակում է աշխատանքները ներկայացված նախագծերի ընդունումն ապահովելու ուղղությամբ։
Հիշեցնենք` Մենենդեսն ավելի վաղ ասել էր, թե ժամանակն է, որ ԱՄՆ-ն վճռական գործողություններով ամրապնդի իր աջակցության խոսքերը՝ դադարեցնելով ռազմական օգնությունն Ադրբեջանին։