Նիկարագուան խզում է Նիդեռլանդների հետ դիվանագիտական հարաբերությունները

Ամստերդամ
Նիկարագուայի արտաքին գործերի նախարարությունը բանավոր տեղեկացրել է երկրում ԵՄ դիվանագիտական առաքելության ղեկավար Բետինա Մուշայդտին, որ նրա գտնվելը երկրում ցանկալի չէ երկրի ինքնիշխանության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի պատճառով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Նիկարագուայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ երկրի ներքին գործերին միջամտելու պատճառով անհապաղ խզում է Նիդեռլանդների հետ դիվանագիտական հարաբերությունները: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Նիկարագուայի հաշտեցման և ազգային միասնության կառավարության արտաքին կապերի նախարարությունը Նիդեռլանդների Թագավորության հետևողական ինտերվենցիոնիստական ու նեոգաղութարարդիրքորոշման կապակցությամբ այդ երկրի կառավարությանը հայտնում է դիվանագիտական հարաբերություններն անհապաղ դադարեցնելու մեր որոշման մասին», - նշված է հայտարարության տեքստում, որը տարածել է հանրապետության ԱԳՆ-ն:
Նիկարագուայի առաջնորդ Դանիել Օրտեգան սեպտեմբերի 30-ին դատապարտել էր Կենտրոնական Ամերիկայում Նիդեռլանդների դեսպան Քրիստին Պիրենի միջամտությունը երկրի գործերին և հայտարարել, որ այլևս պետք չէ հայտնվել Նիկարագուայում: Ելույթը հնչել էր դեսպանի ու արտգործնախարար Դենիս Մոնկադայի հանդիպումից հետո, որի ժամանակ Պիրենն ասել էր, որ Նիդեռլանդները Մանագուայի քաղաքականության պատճառով հրաժարվել է հիվանդանոց կառուցել կարիբյան ափին:
«Այդ նեոգաղութարար կառավարության ներկայացուցչության մշտական հարձակումները, որոնք հակասում են դիվանագիտությանը և խախտում Վիեննայի կոնվենցիան, ստիպում են մեզ ընդունել այս միջոցը։ Մենք գիտենք Երկիր մոլորակի գաղութարարներին, և ոչինչ ու ոչ ոք չի կարող մեզ ստիպել մոռանալ մարդկության դեմ նրանց հանցագործությունները», - ասված է Նիկարագուայի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Նիկարագուայում աշխատանքի թույլտվություն չէր ստացել ԱՄՆ-ում դեսպանի պաշտոնի թեկնածու Ուգո Ռոդրիգեսը: Հուլիսին Կոնգրեսում կայացած լսումների ժամանակ նա ասել էր, որ Նիկարագուան վտարանդի երկիր է, գործող կառավարությանը համեմատել էր 1950-ականների Դոմինիկյան բռնապետության հետ և հայտարարել, որ աշխատելու է միջազգային գործընկերների հետ ժողովրդավարությանը վերադառնալու, մարդու իրավունքները հարգելու և քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար, ինչից հետո նրա թեկնածությունը մերժվել էր: