ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Մեծ Բրիտանիան Դանիային օգնություն է առաջարկել «Հյուսիսային հոսքերում» գրանցված պայթյունները հետաքննելու համար։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտարարել է Դաունինգ սթրիթը։
Հաղորդագրության համաձայն՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասն այսօր հանդիպել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի հետ Դաունինգ սթրիթի կառավարական նստավայրում: Նրանք քննարկել են «Հյուսիսային հոսքերում» գրանցված արտակարգ իրավիճակները, ինչպես նաև էներգետիկայի ոլորտում Մեծ Բրիտանիայի ու Դանիայի միջև համագործակցությունը:
«Նրանք համակարծիք են եղել, որ միջադեպերը դիվերսիայի բացահայտ գործողություններ են։ Վարչապետը (Թրասը. խմբ․) Մեծ Բրիտանիայի օգնությունն է առաջարկել հետաքննության հարցում», - նշված է փաստաթղթում։
Պաշտոնյաները համաձայնել են, որ Բալթիկ ծովի անվտանգությունն ու պաշտպանությունը համապատասխանում են ընդհանուր շահերին, և ողջունել են համագործակցության ընդլայնումը Միացյալ էքսպեդիցիոն կորպուսի շրջանակում: Նրանք նաև ընդգծել են «համախոհ ժողովրդավարական երկրների» համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը իրենց էներգետիկ անկախությունը բարձրացնելու համար:
Հիշեցնենք` սեպտեմբերի 26-ին ահաբեկչություն է տեղի ունեցել միանգամից երկու գազատարում։ Դանիայի և Շվեդիայի իշխանությունների տեղեկությունների համաձայն`գազի երկու արտահոսք է եղել «Հյուսիսային հոսք 1»–ում և մեկ արտահոսք «Հյուսիսային հոսք 2»–ում Բորնհոլմ կղզու շրջանում։ Գերմանիան, Դանիան և Շվեդիան չեն բացառել նպատակաուղղված դիվերսիայի տարբերակը։
«Հյուսիսային հոսք 1»–ի օպերատոր Nord Stream 2 AG–ն հայտարարել է, որ միջադեպերն աննախադեպ են, վերանորոգման ժամկետներն անհնար է գնահատել։ Կրեմլը տեղի ունեցածը որակել է «աննախադեպ դիվերսիա, ըստ էության միջազգային ահաբեկչություն»։
«Հյուսիսային հոսքի» աշխատանքը դադարեցվել է օգոստոսի վերջից՝ Արևմուտքի պատժամիջոցներով պայմանավորված՝ Siemens տուրբինների վերանորոգման խնդիրների պատճառով։ Սակայն գազատարը լցված էր վառելիքով։ 2021 թվականին ավարտին հասցված, սակայն այդպես էլ շահագործման չհանձնված «Հյուսիսային հոսք 2»–ը ևս արդեն լցված էր գազով։
ՌԴ գլխավոր դատախազությունը միջազգային ահաբեկչության վերաբերյալ քրեական գործի հարուցում է նախաձեռնել։ ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին հայտարարել է, որ դիվերսիաների առնչությամբ ՄԱԿ–ի ԱԽ հրատապ նիստ է հրավիրվել ուրբաթ` Մոսկվայի ժամանակով 22:00–ին։