Հնարավոր է` ԵԱՀԿ-ն առաքելություն ուղարկի հայ–ադրբեջանական սահման

Լեհաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) դիտարկում է իր առաքելությունը հայ-ադրբեջանական հակամարտության շրջան ուղարկելու հնարավորությունը։ Տեղեկությունը հայտնում է Լեհաստանի արտգործնախարարությունը։
«Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն (խմբ.` ԵԱՀԿ–ի ղեկավար) այսօր հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննի հետ։ Զրույցի ընթացքում նախարարները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունները և այդ տարածաշրջան ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու հնարավորությունը»,–ասված է ԱԳՆ-ի Twitter-յան գրառման մեջ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 28-ին, թվիթերյան իր էջում անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին սադրանքին, նշել էր, որ ադրբեջանական զորքերի դուրսբերումը ՀՀ սուվերեն տարածքից և միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը Ադրբեջանի օկուպացրած հայկական սահմանամերձ տարածքներում բացարձակ անհրաժեշտություն են։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
ՔԿ–ն սեպտեմբերի 30–ին հայտնեց, որ Հայաստանի դեմ ադրբեջանական վերջին հարձակման հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ, որից 197–ը զինծառայողներ են, իսկ 4-ը` քաղաքացիական անձինք։