Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Փաշինյանն ասաց` ինչու չեն հրապարակում վերջին ագրեսիայի զոհերի անունները

Արխիվային լուսանկար
ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է 201 նույնականացված զոհի մասին, որոնցից 197-ը զինածռայող է, իսկ 4-ը` քաղաքացիական անձ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի դեմ ադրբեջանական զինված ուժերի վերջին ագրեսիայի հետևանքով զոհվածների անունները հրապարակվում են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք եկել ենք այն եզրակացության, որ ճիշտ է զոհվածների անուններն ինստիտուցիոնալ նախատեսված մեխանիզմով հրապարակել` Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում արձանագրվող ցուցակն է, որտեղ էլ հրապարակվում են անունները։ Նույնն էլ 44-օրյա պատերազմի դեպքում է, զոհերի ամբողջական ցուցակը նույնպես այնտեղ է հրապարակվել»,– նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով` զոհերի անունների ցանկը չհարապարակելը չի նշանակում, որ այդ ամենը գաղտնի է պահվում, քանի որ ընտանիքները տեղեկացված են։ Վարչապետի պնդմամբ` կան մարմիններ, որ դեռևս նույնականացված չեն։
«Հաշվի առնելով նախկին փորձը, երբ սխալ անուններ էին հրապարակվում, և թյուրրիմացություններից խուսափելու համար ճիշտ է, որ անունները հրապարակվի ինստիտուցիոնալ մեխանիզմով»,– շեշտեց Փաշինյանը։
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է 201 նույնականացված զոհի մասին, որոնցից 197-ը զինածռայող է, իսկ 4-ը` քաղաքացիական անձ։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Սեպտեմբերի 28-ին, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, որոնք ապօրինաբար գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը՝ օգտագործելով ականանետներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, կրակ են բացել սահմանի արևելյան ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմը զոհվել է երեք մարդ: