Զղջում ենք, բայց համակերպվել ենք ճակատագրին. կանանց գաղութում 55 կին իրենց պատիժն են կրում

Սրբուհի Ժամկոչյանը
«Աբովյան» ՔԿՀ-ում պահվում են միայն կանայք ու անչափահասները: Գաղութում գտնվող կանանցից 22-ը դատապարտված են։ Նրանցից մի քանիսի հետ մեզ հաջողվել է զրուցել։
Sputnik
Կալանավայրի շուրջբոլորը կանաչապատ է, մաքուր, հանգիստ ու լուռ, կատուներ և շներ են զբոսնում։ Բացի համապատասխան ցուցանակից ու խրատական գրառումից` «Դաստիարակությունը մեծ գործ է, դրանով վճռվում է մարդու ճակատագիրը», տարածքում ոչինչ չի հիշեցնում այն մասին, որ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ես։
Հասնում ես կիսաբաց ուղղիչ հիմնարկի մոտ, աշխատակիցները հորդորում են հանձնել հեռախոսը, գումարը, զարդերն ու փաստաթղթերը և հետևիցդ փակում են մեծ, ծանր դուռը։ Մի քանի կողպեքով դռնից հետո բարձր ցանկապատեր են, փշալարեր, համազգեստով մարդիկ։
Ներսում պատերը նկարազարդված են, սպորտդահլիճ կա, կահավորված խոհանոց։ Բոլոր դատապարտյալներն աշխատանք ունեն, ամենօրյա ռեժիմով ապահովված է նրանց զբաղվածությունը։
«Աբովյան» ՔԿՀ–ն
Այստեղ մեզ դիմավորում են տարբեր հանցանքների համար դատապարտված կանայք, որոնց մի մասը բավականին խնամված տեսք ունի։ Այդ ամենի համար ստեղծված են համապատասխան պայմաններ, նաև կազմակերպվում են դասընթացներ, օրինակ` վարսահարդարման։
Քրեակատարողական հիմնարկում կանայք բացի դասընթացներից, հիմնական աշխատանքից, նաև իրենց սիրելի զբաղմունքներն ունեն` կարուձև են անում, երգում են, պարում, սպորտով զբաղվում և այլն։ Սակայն մի բան կա, որ իրենց համար որպես կին դժվար է` ընտանիքից են կտրված, երեխաներին չեն կարողանում ամեն օր տեսնել։
«Աբովյան» ՔԿՀ–ի մարզասրահը
«Աբովյանում», որտեղ ընդհանուր առմամբ պահվում է իգական սեռի 55 անձ, 33-ը կալանավորված է, իսկ 22-ը` դատապարտված։ Ամենաշատը դատապարտված են խարդախության համար` 5 կին, 3 հոգի գողության համար է դատապարտված, 2–ական կին էլ սպանության, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, ավազակության և սուտ մատնության համար։ Մնացածը դատապարտված են թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր և դրանց պրեկուրսորներն ապօրինի իրացնելու, անօրինական միգրացիայի կազմակերպման, պետական դավաճանության, մարդու թրաֆիքինգով կամ շահագործմամբ զբաղվելու, ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու համար։
Սրբուհի Ժամկոչյանը, որը մինչ ՔԿՀ-ում հայտնվելը մաքրուհի է եղել, աշխատել է «Զվարթնոց» օդանավակայանում, հյուրանոցներում, տներում, այժմ էլ նույն աշխատանքն է անում կալանավայրում։ Հոբբի էլ ունի` կարուձևով է զբաղվում, ՔԿՀ–ում հենց իրեն են վստահում այդ մանրակրկիտ գործն անել։ Դուրս գալուց հետո էլ պատրաստվում է կրկին մաքրությամբ զբաղվել։
Սրբուհի Ժամկոչյանը
Սրբուհու դեպքը տեղի է ունեցել մի քանի տարի առաջ, մի առանձնատանը, որտեղ նա որպես մաքրուհի է աշխատել։ Ըստ իր պատմածի` տան տերը` Պարգևը, մի քանի ամիս չէր վճարել վերջինիս աշխատավարձը, Սրբուհին էլ գնացել էր պարզաբանումներ ստանալու։ Արդյունքում վիճաբանություն է սկսվել։Սրբուհու որդին էլ, որը մոր հետևից էր գնացել, հասել էր այն պահին, երբ մոր հասցեին վիրավորանքներ էին հնչել։ Տղան խառնվել էր, ծեծկռտուք էր սկսվել, արդյունքում տանտերն ընկել էր, գլխի հատվածում վնասվածք ստացել ու մեկ օր հետո մահացել:
Սրբուհին դատապարտվել է ավազակային հարձակման հոդվածով` 7 տարվա ազատազրկման, որից 6 տարի 6 ամիս արդեն պատիժ է կրում, որդուն էլ 12 տարով են դատապարտել` սպանության հոդվածով։
Կալանավայրում որդին նշանվել է, սակայն սիրեցյալը չգիտի, որ Սրբուհին էլ է դատապարտված։
Սրբուհի Ժամկոչյանը
Իսկ Խանում Մկրտումյանը ՔԿՀ–ում է հայտնվել գողություն կատարելու համար։ Նույն հանցանքը տարբեր տարիների է արել։ Դատապարտված է 6 տարի 7 ամսով, որից 1 տարի 7 ամիսն արդեն անցել է։ Նա բազմազավակ ընտանիքից է` 4 քույր են և 4 եղբայր, որոնցից մեկը զոհվել է։ Անձամբ ինքն էլ 2 որդի ունի, նրանցից մեկը պայմանագրային զինծառայող է, մյուսն էլ ավտոլվացման կետում է աշխատում։
Երեխաներին Խանումն իր կատարած հանցանքների մասին ոչինչ չէր ասել և դատական ողջ ընթացքը թաքուն էր պահել նրանցից, հայտնել էր միայն դատավորի վերջնական որոշումից հետո` արդեն կալանավայրից։
Իր կատարած հանցանքների համար Խանումը զղջում է, ՔԿՀ–ից դուրս գալուց հետո էլ չի ցանկանում հիշել, ո՛չ այդ պատերից ներս անցկացրած օրերը, ո՛չ էլ իր արարքները, միայն ուզում է որդիներին տեսնել։
Խանում Մկրտումյանը
«Ինձ այս ամենի մեջ ներքաշողը` հարազատ քույրս, պիտի պատժվի։ Քրեական գործում անգամ դրվագներ կան, որ ես չեմ արել, բայց ամբողջ մեղքն ինձ վրա եմ վերցրել։ Նա հիմա Հայաստանում չէ, հետախուզման մեջ է, տղաներս են ասել ինձ։ Ես դատապարտվել եմ, բայց ինքը գոնե 1 անգամ երեխեքիս չի զանգել, չի հետաքրքրվել նրանցով, չի գնացել տեսնելու»,– ասում է Խանումը։
Կինն այժմ համակերպվել է իր ճակատագրի հետ, փորձում է խաղաղ ապրել։ Աշխատում է մեկուսարանի լվացքատանը։ Նախորդ տարի նա մասնակցել է վարսավիրական դասընթացների, նաև լավ կարուձև է անում։
Խանում Մկրտումյանը
Ե՛վ Սրբուհին, և՛ Խանումն իրենց պատիժները կրում են կիսաբաց ռեժիմով։
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պահվող, դատապարտված իգական սեռի ամենատարեց դատապարտյալը 62 տարեկան է և մեղադրվում է խարդախության համար, իսկ ամենաերիտասարդը 23 տարեկան է։ Նա էլ դատապարտվել է սպանության համար։
«Աբովյան» ՔԿՀ–ի սենյակներից մեկը