ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Սահմանին լարված է, և հաշվի առնելով Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը՝ նոր սադրանքները բացառված չեն։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչու են հենց այս շրջանում Ադրբեջանի դիրքորոշումները ագրեսիվ դառնում՝ վարչապետը հիշեցրեց՝ հիմա միջազգային հանրության ամբողջ ուշադրությունը սևեռված է Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վրա, այնպես, ինչպես 44-օրյայի պատերազմի օրերին էլ ուշադրության կենտրոնում կորոնավիրուսային համավարակն էր։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
ՔԿ–ն սեպտեմբերի 30–ին հայտնեց, որ Հայաստանի դեմ ադրբեջանական վերջին հարձակման հետևանքով հայկական կողմն ունի նույնականացված 201 զոհ, որից 197–ը զինծառայող է, իսկ 4-ը` քաղաքացիական անձ։