ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանը վետո է դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ի և Ալբանիայի բանաձևի վրա, որը չի ճանաչում ՌԴ-ին միացած 4 տարածաշրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքները: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Հայտնել ենք, որ սեպտեմբերի 23-27-ը անցկացվեցին ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի ու Զապորոժիեի մարզերի՝ ՌԴ-ի կազմի մեջ մտնելու հանրաքվեներ: Սեպտեմբերի 30–ին, արդեն, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Խերսոնի և Զապորոժիեի մարզերը որպես անկախ տարածքներ ճանաչելու մասին հրամանագրեր ստորագրեց։
ԱՄՆ-ի և Ալբանիայի բանաձևի տեքստում դատապարտվում է Ռուսաստանի կողմից հանրաքվեների կազմակերպումը Ուկրաինայի տարածաշրջաններում ՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում: Ռուսաստանի գործողություններն անվանվել են «անօրինական»։ Նշվում է, որ դրանք չեն կարող հիմք լինել չորս շրջանների կարգավիճակի փոփոխության համար։
Բանաձևի հեղինակները խորհուրդ են տվել բոլոր երկրներին, միջազգային կազմակերպություններին և մասնագիտացված կառույցներին չճանաչել «Ուկրաինայի Լուգանսկի, Դոնեցկի, Խերսոնի և Զապորոժիեի տարածաշրջանների» կարգավիճակի փոփոխությունները:
Բացի այդ, Մոսկվայից պահանջել են անհապաղ դուրս բերել ուժերը Ուկրաինայից։
Նշենք, որ բանաձևի քվեարկության ժամանակ ձեռնպահ են մնացել Չինաստանը, Բրազիլիան, Հնդկաստանը և Գաբոնը։ Մնացած 10 երկրները կողմ են քվեարկել բանաձևին։
Հիշեցնենք՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում 15 անդամ երկրներ են ընդգրկված։ 5 մշտական անդամները՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Չինաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ունեն որոշումների վրա վետո դնելու իրավունք: